Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը. Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհու նամակը՝ Գյուրջինյանին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Դ. Գյուրջինյանի գլխավորությամբ թույլ չտվեց ուսանողներին դուրս գալ ու միանալ երթի մասնակիցներին։
Բագրատ Սրբազանը, հեռակա դիմելով Գյուրջինյանին, ասաց՝ ամաչում է երբեմնեի մտերիմ ընկերոջ փոխարեն։
Դրանից հետո Panorama.am-ը Դավիթ Գյուրջինյանին ուղղված բաց նամակ է ստացել։ Այն հրապարակում ենք հեղինակի թույլտվությամբ ու համաձայնությամբ.
«Պարոն Գյուրջինյան, Ձեզ գրում է Ձեր ավագ գործընկերոջ՝ լուսահոգի Սիրուշ Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհին։ Տատիկիս հայրենասիրության, ՀԱՅԵՐԵՆասիրության, մասնագիտական նվիրվածության մասին թերևս լավ գիտեք։ Դուք ժամանակակից այն քիչ լեզվաբաններից էիք, ում տատիկս լեզվի Մասնագետ էր համարում։ Ես էլ, առաջնորդվելով տատիկիս կարծիքով, միշտ մտածել եմ, որ Դուք ո՛չ միայն լավ լեզվաբան, այլ նաև Ձեր դասավանդած արժեքների իրական կրող եք։
Ցավում եմ, որ Ձեր հոգին վաճառքի եք հանել, ուրացել եք ինքնություն ու ազգային արժեքներ։
Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը։
Ցավում եմ, որ նախընտրում եք պաշտոնավարել ժամանակավոր ազգադավի օրոք, ոչ թե մարդ մնալ բոլոր ժամանակներում:
Ցավում եմ, որ խոսում եք արժեքներից՝ ինքներդ չլինելով դրանց կրողը։ Ցավում եմ Ձեր բոլոր նախկին ու ներկա ուսանողների համար»։