Անվճար առաջնային իրավաբանական օգնություն բերման ենթարկվածներին․ Փաստաբանների պալատ
Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես հետո, նրանց առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով, ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է արագ արձագանքման խումբ: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից։
«Ինչպես նմանատիպ բոլոր նախորդ դեպքերում, հավատարիմ իրենց իրավապաշտպան գործունեությանը, արագ արձագանքման խմբում ընդգրկված փաստաբանները Ոստիկանության տարբեր բաժիններում առաջնային իրավաբանական օգնություն կցուցաբերեն բերման ենթարկված քաղաքացիներին:
Պետք է նաև ընդգծել, որ մեր գործընկերները իրավաբանական օգնություն են ցուցաբերում նաև առանձին:
Առաջնորդվելով անձանց իրավունքների պաշտպանության առաքելության և այդ հարցում հասարակությունում իր դերի գիտակցումով՝ ՀՀ փաստաբանների պալատը շարունակում է հետևել հավաքների ընթացքում անձանց իրավունքների վիճակին և ըստ անհրաժեշտության՝ արձագանքել անձանց իրավունքների պաշտպանության կարիքներին:
Առաջնային անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, բերման ենթարկվող քաղաքացիները կամ նրանց հարազատները նույն պահին կարող են կապ հաստատել խմբի փաստաբանների հետ՝ 094-611-138 հեռախոսահամարով»,-ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանություն
- Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ