Եթե 600 հազար հայ երբևէ զորակոչվեր 90-ականներից հետո, ապա, մենք մեր պատմական իղձերին կարող էինք հասնել. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում մարտիրոսված Կարեն Պողոսյանի հայրը՝ Հայաստանի ԶՈւ պահեստազորի գնդապետ, «Արծիվ» մահապարտների գումարտակի դասակի հրամանատար Ֆելիքս Պողոսյանը։
Պողոսյանի խոսքից հատվածներն՝ ստորև.
▪Մենք պարսկական կայսրության կազմում կռվել ենք, բյուզանդական, օսմանյան, ռուսական կայսրությունների կազմում նույնպես կռվել ենք՝ Խորհրդային Միության կազմում էլ, այն բնական է։ Մենք որ երկրի քաղաքացին եղել ենք՝ կռվել ենք։ Ես մեծ ցավով եմ շեշտում, որ այլ կայսրությունների բանակներում մենք շատ ավելի ուժեղ ենք եղել և լավ ենք կռվել։
▪Վազգենը մեզ առաջնորդեց և մենք համոզված էինք, վստահ էինք՝ կա Վազգենը, ուրեմը մենք կհաղթենք։ 1992 թվականից հետո էլ կրկին Վազգենի ոգևորումը, կառավարման մեթոդներն էր գործում, ինքն անձամբ ճանաչում էր բոլոր մարտիկներին։
▪Մեր պարտության հիմնական պատճառը ես համարում եմ մեծավորների երեխաների չծառայելը և կոռուպցիան։ 2020 թվականին արցախյան ազատամարտը մենք տանուլ տվեցինք գողության, կոռուպցիայի և այսպես կոչված «աղաների» չծառայելու պատճառով։
▪Մայիսի 9-ը մեծագույն հաղթանակ է, ես, որպես կյանքի որոշակի ճանապարհ անցած մարդ, կարծում եմ, որ Մայիսի 9-ը համամարդկային, առաջադեմ մարդկության տոնն է, այդ թվում՝ նաև հայ ժողովրդի տոնը։ Ուսումնասիրելով հայ ժողովրդի պատմությունը՝ տեսնում ենք, որ հայ ժողովրդի ամենամեծ հավաքական ուժը, միավորումը, դրսևորվել է հայրենական պատերազմի տարիներին։
▪600 հազար հայ է զորկաչվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տարբեր ռազմաճակատներ։ Եթե 600 հազար հայ երբևէ զորակոչվեր 90-ականներից հետո, ապա, մենք մեր պատմական իղձերին կարող էինք հասնել։ Վերջապես չմոռանանք Երկրորդ համաշխարհային պատերազմում այն 300 հազար հայորդիներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին այն ժամանակվա մեր հայրենիքին։
▪Ես որպես այդ տարիներին ծնված, աշխատած մարդ, ձևավորված անձնավորություն և որպես արցախյան ազատամարտին զինվորագրված մարտիկ, իրոք շատ ազդվել եմ այդ տարիներով։ Արցախյան պատերազմին իմ մեկնելուն և մասնակցելուն խորհրդային տարիների դաստիարակությունն է մղել և խորհրդային տարիների բանակի գիտելիքները, սովորած որոշակի հմտություններն ենք մենք օգտագործել մարտական գործողությունների ընթացքում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մենք սկսեցինք գողանալ ամենասուրբ տեղից՝ բանակից. Ֆելիքս Պողոսյան
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի տոնի առթիվ