Գոհար Մելոյանը հրապարակել է ցուցարարի ուղեցույց
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն ահազանգում է՝ շարունակում են արձանագրվել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր: Նման իրավիճակներում քաղաքացիների համար նա հրապարկել է ցուցարարի ուղեցույց.
«Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ պարտավոր է ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼ այն գործադրելու մասին՝ ԲԱՎԱՐԱՐ ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար։
Օրինակ՝ եթե փողոց է փակվել ոստիկանն իրավունք չունի անմիջապեց հարձակվելու ցուցարարի վրա, պետք է մոտենա տեղեկացնի, որ դա իրավախախտում է՝ ըստ իրեն եւ բավարար ժամանակ տրամադրի, որպեսզի ցուցարարը դադարեցնի ակցիան։
«Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին», «Ոստիկանության ծառայության մասին» օրենքները պարտավորեցնում են կրել ոստիկանական համազգեստ։
Դիցուք՝ «Ոստիկանության զորքերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության ապահովմանը մասնակցելիս ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա ՏԵՍԱՆԵԼԻ մասում փակցվում են ոստիկանության զորքերի զինծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:
Եթե նկատում եք, որ ոստիկանի համազգեստի վրա չկա տարբերանշան անմիջապես ֆիքսեք եւ տրամադրեք ԶԼՄ-ներին, իրավաբաններին ու նույն իրավապահներին (2020 թ. նոյեմբերի 20-ին, ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու նպատակով, փողոցում հայտնվեցին չինական մակագրությամբ հագուստով Ոստիկանության անունից հանդես եկող անձինք, ինչն ստացավ հանրային լայն արձագանք):
«Ոստիկանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինեն Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
Համաչափության սկզբունքի չափավորության տարրը ենթադրում է, որ կոնկրետ գործողությունը, ներառյալ՝ ուժի կիրառման ձևը, չի կարող կատարվել, քանի դեռ այդ նպատակին հնարավոր է հասնել ավելի ՄԵՂՄ միջոցով։
Բիրտ ուժ կիրառելով և հնարավորինս շատ մարդու բերման ենթարկելով, ոստիկանության աշխատակիցները չեն էլ առաջարկում «ենթադրյալ իրավախախտին» (մի պահ պատկերացնենք, որ գործ ունենք վարչական իրավախախտման հետ) կամովին դադարեցնել «իրավախախտումը»՝ տրամադրելով ողջամիտ ժամկետ այն դադարեցնելու համար։
Նման պայմաններում Ոստիկանության գործողությունները բնորոշելի են՝ «երեք ժամով մարդու առևանգում», այլ ոչ թե՝ վարչական ձերբակալում։
Ավելին՝ արդեն խախտվում է նաեւ 3 ժԱՄի կանոնը։
Իրավապահ մարմինները ՊԱՐՏԱՎՈՐ են գործել օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում՝ մնալով համաչափության և օրինականության դաշտում:
Խնդրում եմ լինել առավել աչալուրջ և չտրվել սադրանքների»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա