Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ. Արմեն Աշոտյան
Քաղաքացի Սարգիս Կարապետյանը, դիմելով շուրջ 11 ամիս կալանավայրում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հարցրել է. «Աշոտյան ջան, Ձեր կարծիքով, ՔՊ-ի վերնախավը կմիանա՞ ժողովրդին, թե՞ չէ։ Եվ դուք կներե՞ք իրենց»:
Պատասխանելով այս հարցադրումներին, Ա. Աշոտյանն ասել է.
«ՔՊ-ն բազում տառապանքներ և ցավեր է պատճառել հայ ժողովրդին։ Ես մնում եմ այն կարծիքին, որ հետագայում այդ քաղաքական խմբավորման գործունեությունը Հայաստանում պետք է արգելվի՝ որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, պետականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող միավորի։
Ինչ վերաբերում է իմ վերաբերմունքին ՔՊ-ի առանձին գործիչների հանդեպ, հետևյալն ասեմ. չհաշված ՔՊ-ի պատճառով իրենց ընտանիքի անդամներին կորցրած մարդկանց, իմ ընտանիքն ու ես երևի ՔՊ-ից ամենաշատը տուժած քաղաքացիներից ենք, որ դարձել ենք Փաշինյանի և իր թիմակիցների անբարոյականության, ստորության, վախերի և ոխերի թիրախը։
Այդքանով հանդերձ, եթե նրանք հիմա ապաշխարեն, մաքրվեն և օգնեն ժողովրդին մաքրել երկիրը նիկոլիզմից, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ։
Իսկ կներե՞ն նրանց Աստված և ՀՀ օրենսդրությունը, ասել չեմ կարող, քանի որ երկու դեպքում էլ լիազորված չեմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան