Բագրատ Սրբազան. Պատրաստ եմ ստանձնել ցանկացած պատասխանատվություն
Անցած օրերին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը երկու անգամ հանդիպել է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։
«Վերջինս, սիրելի ժողովուրդ, որոշակի մտածումներով չի մերժել միանալու այս գործընթացին։ Ես ենթադրում եմ, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը»,-ասաց նա, ինչին հետևեցին ծափահարություններ։
Նա ընդգծեց՝ մնացել է երկու չափազանց կարևոր հարցերի լուծում՝ վարչապետի թեկնածուի ու պակասող 18 պատգամավորների աջակցության հարցը։
«Առաջիկա օրերին պիտի լուծենք նաև այս հարցերը։ Կամաց-կամաց, համբերությամբ, համառությամբ, հավատքով հասնելու ենք ճշմարտության հաղթանակին։ Ուզում եմ ձեր առջև անկեղծ ասել, շատ անկեղծ, ես բաց ու թափանցիկ եմ եղել էս բեմի վրա, ոմանք քննադատել են, կապ չունի։ Այո, շատ անկեղծ եմ ասում, ես պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն ստանձնել, ցանկացած, Հայոց Հայրապետի օրհնությամբ, Աստծո կամքով ու մեր ժողովրդի ցանկությամբ։ Վարչապետի թեկնածու չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբի անդամ»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց՝ կան հարցեր, որոնցով պետք է զբաղվեն իրավաբաները։
«Նրանք վստահ են, որ դրանք երկու օրվա ընթացքում կհստակեցվեն ու կներկայացվեն ձեզ։ Այս հարցերը պետք է քննարկվեն քաղաքական բոլոր ուժերի հետ առանց խտրության, ընդ որում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ խմբակցության հետ»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանը նշեց, պայքարի հասցեին հնչում են քննադատություններ, թե պայքարը մարել է, ընդգծեց՝ եթե նույնիսկ 5, 10 հոգի մնան, հասնելու են իրենց նպատակին։
«Ես ասել եմ, դեռ չգիտեն, թե իրենց խոփն ինչ քարի է դեմ առել»,-ասաց Բագրատ Սրբազանը, ապա դիմելով ԱԱԾ-ին՝ ասաց՝ դադարեցրեց հեռախոսային հարձակումները, կարգի հրավիրեք ձեր համակարգը։
Բագրատ Սրբազանն ասաց՝ առավոտյան ժամը 8-ից լինելու են տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ մայրաքաղաքն ու հանրապետության տարբեր քաղաքներ։ Վաղը Երևանում ինքն այցելելու է ստեղծագործական միություններ՝ Գրողների, Նկարիչների միություններ, ԳԱԱ և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան