Գարեգին Երկրորդն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխգործակցությանը
Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի (Ավստրիա) առաջնորդ Հերման եպիսկոպոս Գլեթթերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին «Կարիտաս Ավստրիա» և «Հայկական Կարիտաս» կազմակերպությունների ներկայացուցիչները։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հանդիպմանը, Հայոց Հայրապետն անդրադառնալով բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանի անվտանգային սպառնալիքներին և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրներին՝ իր գնահատանքն է հայտնել կազմակերպությանը Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ է կատարել նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին և փոխգործակցությանը:
Իր հերթին Հերման եպիսկոպոս Գլեթթերը Նորին սրբությանը տեղեկացրել է, որ Հայաստան այցի նպատակն է առավել զորացնելու «Կարիտաս Ավստրիա» և «Հայկական Կարիտաս» կազմակերպությունների համագործակցությունը և իրենց զորակցությունն ու համերաշխությունը բերելու հայ ժողովրդին։