Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում
Այսօր Թումանյան փողոցի վրա ոստիկանության հատուկ դասակի մի քանի ծառայողներ (Կարմիր բերետներ), ինչպես նաև պարեկային ծառայության մի ոստիկան բռնություն են գործադրել 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել ու արդեն հետո տեղափոխվել հիվանդանոց։
24news-ի խմբագրությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«խմբագրությունը կարծում է, որ տեղի ունեցած վայրագությունը հատուկ է արվել՝ քաղաքական հանձնարարությամբ, որի հիմքում ընկած է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժումը լուսաբանող մեր լրատվամիջոցի նկատմամբ ճնշումներ գործադրելու իշխանության ցանկությունը։ Այս մասին մենք ունենք որոշակի տեղեկություններ։
Հատկապես ուզում ենք առանձնացնել Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի անունները, որոնք սկսել են վերջերս «անառողջ» հետաքրքրասիրությամբ հանդես գալ մեր լրատվամիջոցի նկատմամբ, միջնորդավորված սպառնալիքներ հնչեցնել։
Քանի դեռ այս ամենը կրում էր «բանավոր» բնույթ, մենք լուրջ չէին վերաբերվում նրանց սպառնալիքներին, սակայն հիմա կարծում ենք, որ Մերի Մանուկյանի նկատմամբ բռնությունը, իշխանական տելեգրամ ալիքներում մեր լրատվամիջոցի ու նրա ղեկավար Նարեկ Գալստյանի նկատմամբ գրվող արատավոր «տեղեկությունները» իշխանական նույն քաղաքականության հիմքն են։
Մեզ համար անընդունելի է այս մոտեցումը, «սիրո» և «հանդուրժողականության» հիմքի վրա եկած իշխանության գործողությունները չեն կարող լռեցնել ազատ մամուլի դերակատարությունը։ Հատկապես զազրելի է, որ լրագրողների նկատմամբ բռնություն են կիրառում այն ոստիկանները, որոնք «բարեփոխվել են» ԱՄՆ-ի ու Եվրամիության ֆինանսական ու քաղաքական աջակցության պատճառով։
Պահանջում ենք պատժել այդ ոստիկաններին, ինչպես նաև դադարեցնել քաղաքական ճնշումները լրատվամիջոցի նկատմամբ, որոնք ոչ մի ազդեցություն չեն թողնելու։
Կից նկարներով ներկայացնում ենք Մերի Մանուկյանի նկատմամբ հատուկ բռնություն գործադրած բերետավորների նկարները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան