Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև. Վահե Սարգսյան
Yerkir.am-ի խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը, դիմելով ԳԱԱ ղեկավարությանը, գրում է.
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև...
- Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս մեծարգո Աշոտ Սաղյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Չափար գյուղում,
- ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ մեծարգո Յուրի Սուվարյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Սղնախ գյուղում,
- ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ մեծարգո Լենսեր Աղալովյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Քոլատակ գյուղում,
- ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Էդուարդ Խաչիյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Առաքյալ գյուղում,
- ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Ալբերտ Ղուլյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Ղարաչինար գյուղում,
- ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Ռադիկ Մարտիրոսյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Մատաղիս գյուղում,
- ԳԱԱ ակադեմիկոս մեծարգո Սերգեյ Մովսեսյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Մեծ Շեն գյուղում,
- ԳԱԱ ակադեմիկոս - քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ մեծարգո Արթուր Իշխանյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Շոշ գյուղում,
- ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Արսեն Հախումյա՛ն, Դուք ծնվել եք Արցախի Ստեփանակերտ քաղաքում:
Հարգարժա՛ն գիտնականներ,
2022 թ. հոկտեմբերի 12-ին, երբ դեռ ապրում էր Արցախի վերջին կտորը, և հայրենի շեներում գոյության պայքար էր մղում 120,000 արցախահայությունը, ես ահազանգել էի, որ Գերագույն դավաճանը թշնամուն է վաճառում, հանձնում, փոխանակում, սակարկում, զիջում (անվանեք՝ ինչպես կուզեք) ձեր սրբության սրբոց Հայրենի Արցախը՝ ձեր ծննդավայրը, ձեր մանկության հուզաշխարը, ձեր հայրերի ու պապերի գերեզմանները, ձեր հպարտությունը, ոսկե հիշողությունը, պատմությունը, էությունը...
Ասել էի՝ , որ սա քաղաքական, կուսակցական, ընդդմություն - իշխանություն առճակատման խնդիր չէ. հայրենիք ու պետություն, պատիվ ու դիմագիծ ունենալ-չունենալու ընտրանքի առջև ենք ազգովի:
Հույս էի հայտնել, որ ձեր բարձր ղեկավարությամբ գործող այդ հեղինակավոր կաճառը՝ ՀՀ ԳԱԱ-ն, այդ ճակատագրական օրերին ազդարարելու է Արցախի, դրանով իսկ՝ ՀՀ-ի փրկության իր տեսլականի, ծրագրի ու գործողությունների մասին:
Ցավոք, մեր վատագույն սպասելիքները իրականություն դարձան. այսօր չկա՛ ձեր ու բոլորիս պաշտելի Արցախը:
Հարգարժա՛ն գիտնականներ
Հայաստանում սկզիբ առած Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր թակում էր ձեր ղեկավարած կաճառի՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դուռը: Նա եկել էր ձեր դուռն ու թակում էր այն ո՛չ միայն հանուն Տավուշի, այլև ձեր ծննդավայր-հայրենիքի՝ հանուն մեր Արցախի ու բովանդակ հայրենիքի, հանուն նաև ձե՛ր պատվի ու արժանապատվության:
Դուք չբացեցիք այն. կա՛մ լքեցիք շենքը, կա՛մ չեկաք շենք:
Ի դեմս Սրբազանի, դուք փակեցիք դուռը Արցախ ու Տավուշ, պետականություն ու երկիր, հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև:
Դուք ընտրեցիք այդ ուղին, իրավունքը ձերն է, դատողը՝ պատմությունն ու սերունդները»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները