Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները ծափերով ողջունեցին ՔՊ-ի մանդատից հրաժարվելու Արթուր Իսպիրյանի որոշումը
«Տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է Երևանի ավագանու իր լիազորությունները»,-Երևանի ավագանու նիստում հայտնեց քաղաքապետա Տիգրան Ավինյանը։
Ավագանու ընդդիմադիր անդամները ծափերով ողջունեցին այդ որոշումը։
Ավինյանը հայտնեց, որ այդ որոշումը կապված է երկրից Իսպիրյանի հետագա բացակայությամբ, իսկ մանդատը տրվել է ՔՊ-ի ընտրական ցուցակի հաջորդ անդամ Քրիստինե Վարդանյանին։
Նիստի մեկնարկին ավագանին որոշեց հաջորդ նիստը գորմարել հունիսի 25-ին ժամը 10։00-ին։
Ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 29 հարց, որոնցից միայն երկուսն է զեկուցվող։
Որաշումներից մեկը վերաբերում է hայ անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի ճակատային հատվածում (Վազգեն Սարգսյան փող. 7) փակցնելու հարցին, մյուսը՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի տեղադրմանը։
Չզեկուցվող հարցերից 3-ը վերաբերում է Երևանում փողոցների անվանակոչությանը: Մասնավորապես, փողոցներ կանվանակոչվեն երգիչ Հովհաննես Բադալյանի, բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ազգային-հասարակական գործիչ Մկրտիչ Սարգսյանի և ԽՍՀՄ առաջին էլեկտրամոբիլների ստեղծող, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի գործողությունների մասնակից, կործանիչ-օդաչու Էմիլ Դալանյանի անուններով: