Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում անցկացված «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կցանկանար, որպեսզի Հայաստանը 2024 թվականին անդամակցի Եվրամիությանը։ Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։
Քննարկման մոդերատորը Փաշինյանին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը։
«Ո՞ր թվականին, ա′յս»,- ասել է վարչապետ Փաշինյանը։
Նա իր ելույթում նաև կարծիք է հայտնել, որ այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։
Ըստ Փաշինյանի, չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարության իրական և ամենաձգտող ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է:
«Իմ կառավարությունը ստանձնեց դրա համար իր պատասխանատվության բաժինը: Վերջերս մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ՝ սկսել մեր միջպետական սահմանների սահմանազատումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Դա նշանակում է, որ սահմանազատման ժամանակ մենք ուղղակի պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև վարչական սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ դառնում են պետական սահմաններ: Սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության իրականացումն է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իմ միջև։ Դա տեղի ունեցավ Պրահայում»,- ասել է նա՝ հավելելով, որ այժմ ժամանակն այդ համաձայնությունները ներառել և արտացոլել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, մասնավորապես նշել է․ Մեր տարածաշրջանային կայունության համար մեկ այլ առանցքային կետ է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է իմ կառավարությունը: Այս նախագիծը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգնում և բացում են տրանսպորտային և այլ հաղորդակցությունները՝ այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնցով դրանք անցնում են և համապատասխանում են հավասարության և փոխադարձություն սկզբունքներին»։
Նա հայտնել է, որ հայեցակարգի այս տարրերը համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և իր հանդիպման ժամանակ, որին օժանդակել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և արտացոլված են հանդիպման արդյունքում նախագահ Միշելի կողմից արված հրապարակային հայտարարության մեջ։
«Մենք պատրաստ ենք շարժվել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Ուզում եմ շեշտել, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարություն է: Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, մենք ապրում ենք ժողովրդավարության մեջ»,- ասել է Ն. Փաշինյանը։