
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց հանձնարարությունը կատարում են, կարիք կա գործելու ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան
«Երուսաղեմից նոր բերված մոմեր են , նոր նվիրեցին»,- ձեռքի մոմերը փոխանցելով Սուրբ Աննա եկեղեցում օրվա ամփոփիչ ելույթի ընթացքում ասաց Բագրատ Սրբազանը։
Այնուհետև նշեց․ «Ուրախ եմ, որ երիտասարդները սկսել են սափրվել, ուրախ եմ, որ սկսել են քիչ ծխել և ընդհանրապես՝ եկեղեցիների բակերում մի ծխեք, այդտեղից խունկի հոտ պետք է գա, ոչ թե ծխախոտի»։
Հաջորդիվ Սրբազանը հորդորեց Հայոց Եռագույնին նրբանկատորեն մոտենալ։
«Մենք չենք սիրում մեր սիմվոլները, հարգանք չենք ընծայում սիմվոլներին, դրոշը մեր միավորման խորհրդանիշն է, հաղթանակների։ Խնդրանքս է՝ հավաքների ժամանակ երբեք «կարմիր, կապույտ, դեղինը» « կարմիր, կապույտ, նարնջագույնի» կողքը չլինի ,մենք մեկ դրոշ ունենք, տասը դրոշ չունենք»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը։
Անդրադառնալով «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման օրակարգին, Սրբազանն ասաց․ « Հայտարարել եմ, որ մեր օրակարգում է՝ հասարակական-քաղաքական ողջ ներկապնակի գործուն դերակատարություն ունեցող գործիչների, կուսակցությունների և կազմակերպությունների հետ հանդիպումը։ Երկու օր առաջ հանդիպել ենք երկու կուսակցությունների հետ, այսօր հանդիպել ենք «Պատիվ ունեմ» դաշինքի և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ, երեկ հանդիպել ենք նաև նախկին վարչապետներին՝ Հրանտ Բագրատյանին, Խոսրով Հարությունյանին, Վազգեն Մանուկյանին , բավականին երկար քննարկումներ ենք ունեցել՝ մեր պատկերացումներ ենք ներկայացրել և իրենց դիրքորոշումն են հայտնել։ Բոլորն էլ ներքին ոգևորություն ունեն, որովհետև տեսնում են՝ տներում, փողոցում ինչ է կատարվում։ Մենք կոչված ենք այս ամբողջ հոսանքը հասցնել արդյունքի։ Այդ արդյունքը պետք է լինի ճշմարտության հաղթանակը»։
Նա տեղեկացրեց, որ խորհրդարանական խմբակցություններն իրենց հանձնարարությունը կատարում են։
«Կարիք կա որոշակի իմաստով գործել ՔՊ-ի հետ ։ Ինձ հարցնում են՝ կհանդիպենք իրենց հետ, ասում եմ՝ այո, կհանդիպեմ։ Իրենք իրենց լավ չեն պահում անկեղծ ասած, բայց ոչինչ, մեր առաքելությունը լավ չպահողների հետ գործնել է, ոչ թե լավ պահողների»։