Եկեղեցու բակում գտած նորածնի մորը հայտնաբերել են, նա Շիրակից է
Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգեպանը եկեղեցու այգում նորածին երեխա է հայտնաբերել։
Մեկնած օպերատիվ խումբը նշված երեխային տեղափոխել էր հիվանդանոց: Կազմված փաստաթղթերը փոխանցվել էր քննչական բաժին։
Ոստիկանությունից հայտնում են՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ճշտվել է նորածնի մոր ինքնությունը։
Շիրակի մարզի 2000 թ․ ծնված բնակչուհին մայիսի 14-ին հայտնաբերվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին։
Նշենք, որ երեխան ունեցել է 3750 գրամ քաշ։ Եկեղեցու հարակից վարդերի մեջ երեխային այգեպանն է գտել։
«Գոռացի, էս ո՞ւմ երեխան է։ Մտածեցի կատվին օձն է խեղդում, գնացի ձայնի ուղղությամբ, տեսա գեղեցիկ զամբյուղը»,-«Ազատության»-ը պատմել է այգեպան Իշխանը, որն այնքան է ցանկանում երեխային Իշխանուհի կոչեն։
Ոստիկանության փոխգնդապետ Մարթա Մելիքսեթյանը նկատել է՝ արտառոց էր այն, որ երեխային լքել են գեղեցիկ, հարմարավետ զամբյուղով, կողքը մի տուփ մանկական կեր, կաթի շիշ՝ արդեն պատրաստի կաթնախառնուրդով, ծծակ, նաև հավելյալ հագուստ։
Փոքրիկը տեղափոխվել էր Սուրբ Աստվածամայր ԲԿ, այստեղ էլ բուժանձնակազմն էր զարմացել, քանի որ սովորաբար ընկեցիկ երեխաները գտնվում են անխնամ, շորի կտորով փաթաթված վիճակում։ Երեխան առողջ է, այդ պահին երևի 5-6 օրական։
Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի քանի օգտատերեր գրառումներով դիմել են մայրիկին՝ առաջարկելով իրենց աջակցությունը նրան օգնելու հարցում։
«Փոքրիկի մայրիկ, եթե տեսնում ես գրառումս, ապա գրիր ինձ։ Ես պատրաստ եմ ամեն ինչով քեզ օգնել ու կանգնել կողքիդ, միայն թե արձագանքիր, փոքրիկ աղջկադ միասին կմեծացնեք, նրա մենակ չթողնես, ուրիշ ընտանիք չուղարկես, դու ամենալավ մայրիկն ես, ես վստահեմ, որ այդ քայլին գնացել ես ստիպված»,-գրել է Ալլա Սարգսյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան