«Հրապարակ». Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն ԱՄՆ, ըստ մեր աղբյուրների, տապալվել է: Նա, մեղմ ասած, անհարմար իրավիճակում է հայտնվել՝ ԱՄՆ հայ համայնքն ուղղակի բոյկոտել է և հրաժարվել է մասնակցել նրա հետ նախատեսվող հանդիպումներին: Համայնքի հետ հարաբերություններն այդպես էլ չկարգավորած դեսպան Լիլիթ Մակունցը ոչինչ անել չի կարողացել՝ փաստացի ձախողել է այցի նախապատրաստական աշխատանքը: Մեր տեղեկություններով, իրավիճակն այնքան ամոթալի է եղել, որ ամերիկահայ համայնքի հետ սկսել են բանակցել ԱՄՆ պետքարտուղարությունից:
Արդյունքում հաջողվել է կազմակերպել ԱՄՆ-ում Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ու Գլենդելի հայազգի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ Խաչատուրյանի հանդիպումը: Իսկ իշխանությունների նկատմամբ քիչ թե շատ լոյալ տրամադրված ամերիկահայերի մի փոքր խմբի հետ նա կարողացել է հանդիպել միայն հյուրանոցում, որտեղ իջևանել է: Բոյկոտն այնքան տոտալ է եղել, որ նա անգամ հյուրանոցից դուրս գալու հնարավորություն չի ունեցել:
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարները ևս փաստում են, որ Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների, Կաթոլիկ թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի, Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամների ու Ռամկավար ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետի հետ հանդիպումներն անցել են նույն վայրում: Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։