Սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու են 8-9 օրերի ընթացքում. կառավարություն
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին:
Հարցուպատասխանը՝ ստորև.
«Հարց – Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում:
Պատասխան – Արդեն տեղյակ եք, որ նշված հատվածներում համապատասխան աշխատանքային խմբերի կողմից տեղադրվել են սահմանային սյուներ` նախապես համաձայնեցված կոորդինատները տեղորոշելու համար: Այդ կոորդինատները վերցված են 1976 թվականի, վերը հիշատակված քարտեզներից: Հիմա արդեն քարտեզագիրները համաձայնեցրել են սյուների միջև սահմանների անցման գծերը, կրկին նույն քարտեզների հիման վրա: Այսինքն, այս հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված:
Հարց – Իսկ ինչո՞ւ են ընտրվել 1976 թվականի քարտեզները, որոնք, ինչպես նշված է սահմանազատման հանձնաժողովների մամուլի հաղորդագրության մեջ, օգտագործվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից:
Պատասխան – Դա, ըստ էության, Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցող քարտեզն է: ՀՀ կառավարության համար սկզբունքային է եղել մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը:
Հարց – Հանձնաժողովների հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քարտեզները հերթապահության ընթացակարգ են անցել 1979 թվականին: Ի՞նչ է դա նշանակում և ինչո՞ւ չեն վերցվել, ասենք, 1990 թվականի քարտեզները:
Պատասխան – Այդ ձևակերպումն իրավական տերմինաբանություն է, ինչը նշանակում է, որ քարտեզագրության և գեոդեզիայի ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը 1979 թվականին ստուգել է քարտեզի ճշտությունը և իրավական հիմքերը: Այդ քարտեզներն օգտագործվել են մինչև Խորհրդային Միության փլուզման պահը: Այսինքն, դրանք ԽՍՀՄ իրավասու պետական մարմինների կողմից վերստուգված ամենավերջին քարտեզներն են:
Հարց – Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Այդ հարցը ինչպե՞ս է լուծվելու: Եվ ընդհանրապես Կիրանցի հատվածում հարցերն ինչպե՞ս են լուծվում. նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարց ծագելո՞ւ է:
Պատասխան – Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, եւ սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են: Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով: Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաև Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար: Ինչ վերաբերում է գույքային հարցերին, դրանց ծավալը մեծ չի լինի, և կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից արդեն կգույքագրեն հնարավոր խնդիրները և կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ:
Հարց - Ինչպե՞ս եք գնահատում սահմանազատման արդյունքները Բաղանիսի, Ոսկեպարի և Բերքաբերի հատվածներում։
Պատասխան - Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձևով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, և սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար և չկա:
Հարց – Իսկ ե՞րբ են երկու կողմերի սահմանապահները կանգնելու համաձայնեցված սահմանի վրա:
Պատասխան – Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման»;
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն ու Ադրբեջանը Արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆ
- Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել
- Կիրանցի վարչական ղեկավար․Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- Ավետիք Չալաբյան. Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը սահմանազատման լիազորություն չունի
- ՈՒՂԻՂ. Հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի դեմ
- Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
- Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
- Բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք.Գառնիկ Դանիելյան
- Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացեցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
- Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
- Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
- Բաղանիսի համայնքապետ. Շատ արագ ինձ այդ աշխատանքային խմբից հանեք, ես արյունով պահած գիծն եմ ճանաչում
- Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում թշնամուն դիմակայելու մեր խնդիրը մեկ դարից ավելի պատմություն ունի․ Ոսկանյան
- Ոսկանյան․ 1920թ.-ի հայ-ռուսական համաձայնությամբ Հայաստանի տարածք են ճանաչվել ոչ միայն Ներքին Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը, այլ և․․․
- ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել Ադրբեջանի կողմից Բերքաբեր գյուղի գնդակոծության դեպքի վերաբերյալ