ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։
Եվրանյուզի հաղորդմամբ, մասնավորապես, Ռումինիայում տագնապալի իրավիճակ է ստեղծվել. տարեսկզբից ամբողջ երկրում գրանցվել է այս հիվանդության ավելի քան 120 դեպք, որից 24-ը՝ միայն Տիմիշոարայում։
Բժիշկները պնդում են, որ խոսքը բացառապես չպատվաստված երեխաների մասին է, և խոսում են մանկական հիվանդությունների դեմ պատվաստման կարևորության մասին՝ ընդգծելով, որ նորածինների համար հիվանդությունը կարող է մահացու լինել։
Yle-ն գրում է, որ կապույտ հազով վարակվածների թիվը Ֆինլանդիայում նույնպես սկսել է աճել. վերջին մեկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 106 դեպք։
Չեխիայում, Նիդեռլանդներում նույնպես դեպքերի աճ է գրանցվել։
Չեխիայի իշխանությունների տվյալներով, եթե այս տարվա սկզբին երկրում հաստատվել է կապույտ հազի 28 դեպք, ապա այժմ դեպքերի թիվը հասել է 3084-ի։ 1963 թվականից հետո այսքան վարակվածներ երկրում չեն հայտնաբերվել։
Sky News-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայում այս տարի նույնպես դեպքերի թվի կտրուկ աճ է նկատվում։ Այսպիսով, դեռ հունվարին գրանցվել է 553 հաստատված դեպք, իսկ ամբողջ 2023 թվականին կապույտ հազը հայտնաբերվել է 858 մարդու մոտ։
Կապույտ հազը (հայտնի է նաև պերտուսիս կամ 100 օրվա հազ անվանմամբ) սուր անթրոպոնոզ բակտերիալ բնույթի օդակաթիլային վարակ է ցիկլիկ ձգձգվող ընթացքով և ջղաձգական նոպայաձև հազով։ Սկզբնական շրջանում ախտանիշները հիշեցնում են հարբուխ ՝ քթահոսություն, ջերմություն և փափուկ հազ։ Հիվանդությունն ընթանում է ամիսներով շարունակվող նոպայաձև հազով։ Հազը ուղեկցվում է բնորոշ ձայնային երանգով։ Հազը կարող է պահպանվել 10 և ավելի շաբաթ, որտեղից էլ առաջացել է «100 օրվա հազ» անվանումը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան