Վրաստանը կողմ է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևին. Կոբախիձեն հանդիպել է Էրդողանին
Նախօրեին պաշտոնական այցով Թուրքիայում է եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը: Jnews-ը գրում է, որ Վրաստանի վարչապետը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Դեմ առ դեմ հանդիպման ընթացքում ընդգծվել է Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը և տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման շուրջ պատրաստակամությունը։
Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային, առևտրատնտեսական և տրանսպորտային-էներգետիկ համագործակցության զարգացմանը և տարանցման գործառույթին, կապի կարևորությանը։
Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հատուկ նշանակությունը։
Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը կողմ է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևին և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կառուցողական համագործակցությանը։
Էրդողանը հաստատել է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև երկրի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին։ Դեմ առ դեմ հանդիպումից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, որին մասնակցել են երկու երկրների կառավարությունների անդամները։
Թբիլիսին ու Անկարան էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Ըստ Վրաստանի կառավարության հաղորդագրության, հուշագիրը կնպաստի Վրաստանի և Թուրքիայի միջև առկա գործընկերության ամրապնդմանը և խորացմանը։ Հուշագիրը երկու երկրներին թույլ կտա կիսվել գիտելիքներով և փորձով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ վերականգնվող էներգիան, էներգաարդյունավետությունը, ենթակառուցվածքների թվայնացումը, ածխածնի արտանետումների կրճատումը և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին