«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը ցրելու ոստիկանական գործողությունները համակարգում և ղեկավարում է ոչ թե ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, այլ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Տավուշեցի Վահե Ղազարյանի մասին մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ նա արձակուրդ է մեկնել: Լուրը պաշտոնապես հերքվեց, սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ նա արձակուրդային տրամադրությունների մեջ է: Իսկ ցուցարարներին ցրելու, ծեծելու, բերման ենթարկելու ինստրուկտաժն իրականացնում է երիտասարդ փոխնախարարը, ով անձամբ է հետևում այդ աշխատանքներին, և ոստիկանների դաժանությունն էլ նրա կողմից է խրախուսվում։
Ըստ ոստիկանական աղբյուրների, վարչապետն Արփինե Սարգսյանին խոստացել է՝ այս աշխատանքը «պատվով» կատարելու դեպքում առաջ տանել` համակարգի ղեկավարումը վստահելով նրան, իսկ Վահե Ղազարյանին իր անվտանգությունն ապահովող կառույցի՝ ՊՊԾ ղեկավար նշանակել։ Թերևս սրանով է պայմանավորված, որ սորոսական ՀԿ-ները քար անտարբերություն են դրսևորում ոստիկանական վայրագություններին և երբեմն էլ արդարացնում նրանց քայլերը, քանի որ Արփինե Սարգսյանը նրանց սիրելի պաշտոնյան է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
«Փաստ»-ը նույն թեմայով գրում է.
Ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել։ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման տարբեր ակցիաների ժամանակ առաջին բանը, որ աչքի է զարնում, այն է, թե որքան շատ ոստիկան կա մեր երկրում, և թե ինչ վայրագությամբ նրանք կարող են հարձակվել սեփական ժողովրդի վրա: Թեպետ, օրերս բերետավորների ղեկավարներից մեկը, դիմելով շարժման ղեկավարներին, ասում էր «ձեր ժողովրդին...»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ոստիկանության հասարակական կարգ պահպանող ստորաբաժանումների ղեկավարներից մի քանիսը ոչ պաշտոնական միջավայրում անկեղծացել են, թե վերջին օրերի իրենց անձնակազմի ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել: Օպերատիվ խորհրդակցություններում նա է վստահեցրել, որ իր գիտելիքներն ու կապերը գործի կդրվեն, որ ուժ կիրառող որևէ ոստիկան չպատժվի. նա արդարադատության նախարարությունում ազդեցություն ունի, քանի որ փոխնախարար է եղել, ամուսինը ԲԴԽ-ում է, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի «հոգեզավակն» է, սերտ կապերի մեջ է արևմտյան թևի հետ: Ասում են, որ համակարգում տեղյակ են՝ ինչ է արժենում Արփի Սարգսյանի ցուցումները չկատարելը:
Այդուամենայնիվ, մեր տեղեկություններով, համակարգում, մեղմ ասած, այնքան էլ հաշտ չեն այս ամենի հետ: Կան շատ լուրջ դժգոհություններ, ավելին՝ հնարավոր է, որ առաջիկա օրերին նաև աշխատանքից ազատման դիմումների շարք սկսվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։