Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում, նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու մեղադրանքով, կալանավորվել է Վանաձորի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ։
Մայիսի 17-ին Վանաձոր քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ իր հեռախոսահամարին զանգահարել է իրեն անծանոթ մի կին։ Վերջինս նախ դիտողություն է արել՝ վերոնշյալ 27-ամյա երիտասարդի դեմ ցուցմունք տալու համար, ապա նաև վիրավոական արտահայտութոյուններ և սպառնալիքներ հնչեցրել ինչպես իր, այնպես էլ՝ իր թոռների հասցեին, ինչից վախենալով՝ ինքն անջատել է հեռախոսը։
Նկատի ունենալով, որ քաղաքացու հաղորդման մեջ առերևույթ առկա են բռնություն գործադրելու կամ այլ ապօրինի եղանակով դատավարության մասնակցի և նրա մերձավոր ազգականների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 495-րդ հոդվածով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու և առերևույթ հանցավոր արարք կատարած անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ոստիկանութանը տրվել է հանձնարարություն՝ նշված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու մասին։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: