Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի կարող Կիրանցում հանդիպում ունենալ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը՝ արձագանքելով մամուլի այն հրապարակմանը, որ ԱԱԾ աշխատակիցների հսկողությամբ «Կիրանց» հացատանը Տավուշի մարզպետի հետ հանդիպել է ինքը։
Նշենք, որ այսօր «Հրապարակ»-ը գրել է՝ «Ի դեպ, կիրանցեցիները հանդիպումից հետո նկատել են, որ մարզպետն ուղևորվել է «Կիրանց» հացատուն, նրան է միացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Ես տելեպատ չեմ, չեմ կարող Երևանում լինելով Կիրանցի հացատանը ինչ-որ մեկի հետ հանդիպել»,-ասաց ընդդիմադիր խմբակցության անդամը՝ նշելով նաև, որ ինքն էլ տեղյակ չէ, թե ովքեր են հանդիպել հացատանը, բայց կարող է ենթադրել, որ հանդիպման մասնակիցներից մեկը եղել է ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա։
Հարցին, իսկ կա՞ ցանկություն մարզպետի հետ հանդիպման, Նազարյանն արձագանքեց, եթե իր գյուղի հետ կապված խնդիր է, ապա պատրաստ է հանդիպել բոլորի հետ, անգամ Իլհամ Ալիևի։
«Բայց ես մարզպետի հետ չեմ հանդիպել, մարզպետի տեղակալի հետ չեմ հանդիպել, մարզպետարանի որևէ աշխատակցի հետ չեմ հանդիպել։ Ես ասում եմ, թողեք կիրանցեցին ինքը որոշի։ Ես չեմ ասում՝ որոշի, որտեղով պետք է անցնի սահմանը, այլ որոշի իր անելիքը նոր իրավիճակում, սա ծանր վիճակ է։ Ես չեմ ուզում գնամ Կիրանց գյուղում հերոս խաղամ, ես ուզում եմ այնպես անել, որ այդ մարդիկ մնան, այնտեղ ապրեն»,-ասաց Նազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ
- Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Իրակլի Կոբախիձե
- Իշխան Սաղաթելյան. Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի