Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի կոչով»,-հայտարարել է փաստաբան, «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վարազդատ Հարությունյանը՝ խոսելով շարժման հավաքներին նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցության մասին:
Նա ընդգծել է, որ Վագրատ Սրբազանը հստակ նշել է հաշտության ու համերաշխության հրամայականի և հրապարակում բոլորին տեսնելու իր ցանկության մասին:
«Վստահ եմ` շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին: Շատերն այլևս չեն էլ մտածի միանալու մասին:
Ինքս շաատ շատերի մասով ունեմ շաաատ լուրջ վերապահումներ, բայց պրոցեսին (ու խոշոր հաշվով հայրենիքի փրկությանը) չվնասելու գիտակցումն ավելի կարևոր է քան իմ հույզերը, անձնական մտածումներն ու քաղաքական նախասիրությունները»,-նշել է նա։
Նշենք, որ Արթուր Դավթյանի ներկայությունը հավաքին տարբեր մեկնաբանությունների, քննադատությունների տեղիք էր տվել։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ նշել էր.
«ԳՈՒՑԵ ԲԱՑԱՀԱՅՏԻ՞Չ
Տեղեկացա, որ նախկին գլխավոր դատաղազ Արթուր Դավթյանը, միացել է Բագրատ սրբազանի շարժմանը, պահանջելով գարշապետի հրաժարականը։ Ներեցեք, բայց դա ինձ համար բացարձակապես անընդունելի է։ Արթուր Դավթյանը գլխավոր դատաղազ «աշխատեց» մինչև 2022 թվականը, հլու հնազանդ կատարելով գարշապետի բոլոր անօրինական հանձնարականները։ Այդ տարիներին, ինչպես այսօր, դատաղազությունը պաշտպանում էր շինծու քաղաքական մեղադրանքները։
Օրինակները բազմաթիվ են։ Այնպես որ, Արթուր Դավթյանի ներկայությունը վարկաբեկում է շարժումը։ Եթե Արթուր Դավթյանը իսկապես զղջում է իր կատարած , այո՛ հանցագործությունների համար, ապա նա պետք է ապաշխարի և հրապարակային ներողություն խնդրի բոլորից։
Հ․Գ․ Սակայն․․․Գուցե Արթուր Դավթյանի մասնակցությունը բացահայտի՞չ է, առ այն, որ շարժումը հասնելու է նպատակին»։