ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի շրջանակներում իրականացվող ուժեղացված ծառայության ժամանակ, տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխախոտ օգտագործելու պատճառով, կանգնեցվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենայի սրահից իր գրպանն է տեղափոխել ծխախոտի տուփ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարեկների կողմից գրպանի պարունակությունը տրամադրելու պահանջ ներկայացվելուց հետո վարորդը նետել է ծխախոտի տուփը։ Պարզվել է, որ դրանում առկա է եղել կաթուցիչ և դեղնականաչավուն կանեփանման զանգված։
Ավտոմեքենայի 59-ամյա վարորդը և 66-ամյա ուղևորը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են, ապօրինի կերպով թմրանյութեր պահելու կասկածանքով տեղափոխվել են Ոստիկանության բաժին։
ՔԿ փոխանցմամբ, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Որոշում է կայացվել՝ նշված երկու անձանց ձերբակալելու մասին, ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան