Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի գնալը, գրում է.
«Քայլ, պատասխան քայլ - շախ։
Հ.Գ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույն բանն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ։
Լուկաշենկոն իր որդու հետ ավտոմատներով փողոց դուրս գալը նշանակում էր, որ ինքը պատրաստ է ամենավերջին քայլին, ընտանիքը դնելով զոհասեղանին։
Որ ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է։
Սա պատուհասների (ցիվիլ արտահայտվենք) բազմաթիվ սխալներից (մեղմ արտահայտվենք) ընդամենը մեկն է։
Այնպես որ, Շուշի գնալը տրամաբանական էր»։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ և քննարկել բելառուս Յարոսլավ Նովիկովի հարցը, որը կալանավորվել էր Բելառուսի ուժայինների պահանջով։
Նշվում է, որ Տիխանովսկայան համերաշխության խոսքեր է հայտնել և նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անցյալ տարվա նոյեմբերին Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին չգալու որոշման համար։