Փաստացի, ոնց հասկանում եմ, ջրագողություն է տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների. Տիգրան Ավինյան
«Էրեբունի վարչական շրջանում և՝ ոչ միայն, ամռան սեզոնին ջրի որակն էականորեն վատթարանում է, ի՞նչ պրոցես ունեք դրա հետ կապված»,-Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Վեոլիա ջուր» ընկերության «Երևան» շահագործման տնօրեն Մխիթար Գալստյանին հարցրեց Տիգրան Ավինյանը։
Գալստյանը հաստատեց, որ այդ երևույթն ամենաշատը զգացվում էր Էրեբունի վարչական շրջանում։
«Այս տարի արդեն իրականացրել ենք որոշակի միջոցառումներ, որպեսզի արարատյան խորքային հորերից դեպի Էրեբունի վարչական շրջան մղվող ջրի մոտ 50 %-ը փոխարինենք Գառնու ջրով, որպեսզի բնակչության շրջանում ջրի որակական փոփոխություններն այդպես արտահայտված չզգացվի»,- հայտնեց «Վեոլիա ջուր» ընկերության «Երևան» շահագործման տնօրենը։
Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված Նոր Հաճնի և Բալահովիտ հատվածներում Երևան մտնող խմելու ջրագծերից արձանագրվող մեծ կորուստները։
Մխիթար Գալստյանը հայտնեց, որ Բալահովիտի հատվածում խնդիրը լուծվել է, բայց Նոր Հաճնում՝ ոչ, քանի որ տեղի ջրագծերի համակարգը «Վեոլիա ջուր» ընկերությանը չի պատկանում։
«Փաստացի, ոնց հասկանում եմ, ջրագողություն է տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը և, նշելով, որ այդ պատճառով էլ Երևան որակյալ խմելու ջուրը չի բավարարում, հանձնարարեց խնդիրը լուծել։
Մխիթար Գալստյանը տեղեկացրեց, որ քննարկումներ են գնում, որպեսզի Նոր Հաճնի ջրագծերի համակարը վարձակալությամբ տրվի «Վեոլիա ջուր» ընկերությանը։
Հարակից հրապարակումներ`
- «Վեոլիա Ջուր»-ը ցանկանում է ավելացնել խմելու ջրի սակագները
- Էրեբունի թաղամասը 10 ժամ առանց խմելու ջրի կմնա