Բնակարանային ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն
«Կառավարության նիստում հաստատվեց բնակարանային աջակցության պետական ծրագիրը, որը հնարավորություն կտար Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար ընտանիքների պետության աջակցությամբ ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել բնակելի տուն»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Նա հայտնեց, որ բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցություն կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանվածները։
Ղարագյոզյանը հայտնեց, որ ծրագիրն իրականացվելու է 3 ուղղություններով, որից առաջինը բնակարանի կամ կառուցվող շենքի բնակարանի, կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է, որի համար տրամադրվելու է ձեռքբերման հավաստագիր։
Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ երկրորդ ուղղությունն անհատական բնակելի տների կառուցապատումն է, որն իրականացվելու է Քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից նախապես պատրաստված և հրապարակված օրինակելի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի հիման վրա և իրանանացվելու է լիցենզավորված ընկերությունների կողմից, իսկ երրորդ ուղղությունը գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունն է։
«Եթե ընտանիքը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ ծրագրին դիմելու օրվա դրությամբ ունի ծրագրի պայմաններին բավարարող գործող հիփոթեքային վարկ, ապա աջակցույթունը կուղղվի այդ ուղղությամբ»,- հայտնեց բանախոսը։
Նրա խոսքով՝ կառավարության որոշմամաբ հաստատվել է հավելված, որոնցից մեկում կա 242 բնակավայր, որտեղ տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար ընտանիքի յուրաքանչյուր անդամի հատկացվում է 5 մլն դրամ։
«Կա մեկ այլ ցանկ, որտեղ 148 բնակավայրեր են, որտեղ արդեն յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 4 մլն դրամ։ Մնացած բոլոր բնակավայրերում, բացառությամբ Երևանի 1 և 2 գոտիների՝ աջակցության չափը կկազմի 3 մլն դրամ»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։
Նա տեղեկացրեց, որ գործող հիփոթեքի մասով յուրաքանչյուր անդամի աջակցության չափը կկազմի 2 մլն դրամ։
Անդրադառնալով ծրագրի սահմանափակումներին՝ նախարարության խորհրդականը նշեց, որ ծրագրից չեն կարող օգտվել այն ընտանիքները, որոնց մեկ անդամը ունի 18 ք/մ-ն գերազանցող անշարժ գույքի 50 %-ի չափով սեփականության իրավունք։
Աջակցություն ստանալու համար պարտադիր պայման է նաև, որ ծրագրին դիմելու օրվա դրությամբ ընտանիքի բոլոր անդամներն ունենան ՀՀ քաղաքացիություն։
Հարակից հրապարակումներ`
- Ովքե՞ր կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից
- Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի
- Ինչ փոփոխություններն են իրականացվել Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին