Հրազդանի Վանատուր թաղամասում սպանությունների ու սպանության փորձի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Հրազդան քաղաքի երկու բնակչի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեից հայտնում ե, որ մայիսի 18-ին՝ ժամը 19:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին «Հրազդան ԲԿ»–ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի սգո սրահի մոտակայքից իրենց մոտ է տեղափոխվել անհայտ քաղաքացու դի:
Նույն օրը՝ ժամը 19:44-ին, մեկ այլ ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն թաղամասի տներից մեկի մոտ հրազենային կրակոցից անհայտ քաղաքացու դի է հայտնաբերվել, իսկ ժամը 19:54-ին ստացված ևս մեկ ահազանգի համաձայն՝ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիշյալ թաղամասի տներից մեկի մոտակայքից «Հրազդան ԲԿ» է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, և 474-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մայիսի 18-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու մոտակայքում նույն քաղաքի 49–ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի հրազենով կրակոց է արձակել 48–ամյա համաքաղաքացու ուղղությամբ, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ 49–ամյա տղամարդը, նստելով «Օպել» մակնիշի ավտոմեքենան, հեռացել է։ Այնուհետև, նրան հետապնդել են և Վանատուր թաղամասի տներից մեկի մոտակայքում կրակոցներ արձակել հիշյալ ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս մահացել է, իսկ ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքով, տեղափոխվել է «Հրազդան ԲԿ»։
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող իրեր, առարկաներ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Նշված վարույթի շրջանակներում ձերբակալվել է 2 անձ։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, բոլորի գործողություններն անհատականցնելու և իրավական գնահատականների արժանացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: