Ձեր նպատակը մարդկանց վարժական հավաքներում ընդգրկե՞լն է, թե՞ պատասխանատվության ենթարկելը. Արսենյանը՝ ՊՆ փոխնախարարին
Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության ևզինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Նա նշեց, որ օրենքի նախագծի համաձայն հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի եւ հանգամանքների շրջանակը:
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշեց, որ կարևոր նախաձեռնություն է, որոշակի կարգավորումներ կմտցնի այն փոխհարաբերություններում, որոնք ծագում են քաղաքացու և պետության մեջ որոշակի գործառույթ իրականացնելու համար։
«Ձեր նշած չորս հնարավոր ծանուցումները, ինձ թվում է, 90 տոկոսով բավարար են, սական հարց տամ ու նաև խորհուրդ։ Ձեր ծանուցումների նպատակը քաղաքացուն պատասխանատվության ենթարկե՞լն է, եթե ինքը չի ներկայանում կամ չի տեղեկանում, թե՞ վերջիվերջո քաղաքացու հնարավոր ընդգրկումը։ Ինձ թվում է պետք է լինի երկրորդը։
Խորհուրդը՝ քաղաքացիները որպես կանոն միայն Հայաստանում չեն լինում, Հայաստանից դուրս՝ իրենց աշխատանքային գործունեության կամ, հանգստյան, որի պարագայում կարող է տեղադրեք «Ազդարար» համակարգում»։
Հ.Սարգսյանն ասաց, որ իրենց նպատակն է քաղաքացիներին վարժական հավաքների ներգրավելը, ոչ թե պատասխանատվության ենթարկելը։