Ինչո՞ւ է ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի կենսագրականից թաքցվել «Սորոսի հիմնադրամ»-ում աշխատելու փաստը
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատարանի դատավորի ընտրության հարցը։ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցադրում արեց, թե ինչո՞վ է թեկնածուն զբաղվել 2009-2013 թվականներին, 2016-2020 թվականներին, որովհետև Լ. Թադևոսյանի կողմից ներկայացված կենսագրության մեջ բացակայում էր Դավիթ Խաչատուրյանի մի շատ կարևոր կենսագրական դրվագ։
«2009-2013 թվականներին պարոն Խաչատուրյանը եղել է «Բաց հասարակություններ հիմնադրամ-Հայաստանի», իսկ հասարակության մեջ առավել հայտնի «Սորոսի հիմնադրամ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ, 2016-2020 թվականներին եղել է տնօրենների խորհրդի նախագահ։ Ինչո՞ւ էր ձեր կողմից ներկայացված կենսագրականում այս դրվագը բացակայում և, ձեր կարծիքով, ինչպիսի՞ ազդեցություն կարող է այն ունենալ պարոն Խաչատուրյանի՝ ՍԴ անդամ դառնալու դեպքում իր կողմնակալության կամ անկողմանակալության վրա»,- հետաքրքրվեց Խամոյանը։
Լ. Թադևոսյանն ասաց, որ ներկայացրել է կենսագրությունն այն մասով, որ առկա է հանրային հարթակներում, պաշտոնական կայքերում։
«Կարող եք ձեր հարցն ուղղել ինձանից հետո հանդես եկող թեկնածուին»,- նշեց նա։
Խամոյանը հարցն ուղղեց նաև Խաչատուրյանին։ Նա պատասխանեց. «Ես աշխատողը չեմ եղել հիմնադրամի։ Բոլոր մարդիկ, ովքեր այնտեղ գտնվել են, ունեն աշխատանք։ Այն ինքնին աշխատանք չէ»։
Ագնեսա Խամոյանն ասաց. «Ձեր կենսագրության այդ դրվագը համառորեն թաքնում եք։ Այն, որ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայրը, որին ՔՊ գործուղում է ՍԴ, չի կարող անկողմնակալ լինել, դա ակնհայտ է, բայց հարցը հստակ է՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր ի՞նչ երաշխիքներ պետք է ունենամ, որ ձեր հարուստ կենսագրությամբ, որը թաքցնում եք, առնվազն ազդեցության գործակալ չեք։ Ներկայացրեք այդ երաշխիքները»։
Դավիթ Խաչատուրյանը, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատուրյանի եղբայրն է, պատասխանեց. «Ձեր ակնկալած երաշխիքների պնդվող անհրաժեշտությունը պայմանավորված է այն ենթադրությամբ, որ իմ նշած հիմնարկներն ինչ-որ այլ գործունեություն են իրականացնում, քան իրականում իրականացնում են։ Ոչ մի երաշխիք պետք չէ ներկայացնել, որովհետև երաշխիքների կարիք չկա։
Ես ոչ մի բան չեմ թաքցնում, մենք հրապարակային ենք գործել, ծրագրեր ենք իրականացրել, որոնք լուսաբանվել են»։