Լիլիթ Բլեյան. Արդեն մտքում ունե՞ք վաղվա ձեր ալիբին
Երգչուհի, երգահան, լրագրող Լիլիթ Բլեյանը գրում է.
«Հիշո՞ւմ եք, ձեր վարչապետը ՄԱԿ ի ԱԽ նիստի օրը հատուկ եթեր ունեցավ, որտեղ երկու անգամ շեշտեց, որ ԼՂ քաղաքացիական խաղաղ բնակչության համար որևէ սպառնալիք չկա։
Հիշո՞ւմ եք, որ Ադրբեջանը դրանից հետո մեզ բոլոր հարթակներից մեզ Նիկոլի այդ տեքստով էր պատասխանում։
Հիշո՞ւմ եք, որ դուք էդ ժամանակ էլ կանգնած էիք ձեր վարչապետի ու նրա "քաղաքականության" կողքին։ «Քաղաքականություն», որի միակ, բութ սցենարը միշտ նույնն է. ամեն ինչ ձախողել ու նույն պահին գտնել ուրիշ մեղավորի։ Մնացածը կանի բութ քարոզչությունը։ Դուք էլ կտաք էլիտար փաթեթավորումը։ Արդեն վարժ եք։
Դուք հասկանո՞ւմ եք, որ այդ օրվա և մյուս օրերի ձեր չընդվզելը և ձեր ընտրած քաղաքական թիմին վերաբերմունք չհայտնելը լեգիտիմացրեց Արցախի հետ կատարվածը։
Ի՞նչ ընդվզել, դուք ծաղրում էիք բոլոր ընդվզողներին ու տագնապի զանգ հնչեցնողներին։
Իսկ եթե գնանք մի տարի էլ հետ` բրյուսելյան արձանագրություններ։ Բայց ի՞նչ տարբերություն, թե ո'ր դրվագը. սցենարը միշտ նույնն է։
Հիմա նույնն եք անում։ Միշտ նույնն եք անում։
Խաղ է, հա՞, հավեսով խաղում եք։ Ստատուս է, հա՞, հումորով գրում եք։ Հասկանալո՞վ եք անում։ Մինչև վերջ հասկանո՞ւմ եք։
Ձեր վարչապետն արել է ու անում է ամեն ինչ, որ ձեր միջոցո'վ անի բոլոր ամենավտանգավոր քայլերը` բեմադրելով ձեր համաձայնությունը, ապագա արյունն ու ցավը հավասար լղոզելով բոլորիդ վրա։ Փորձված սցենար է։
Դուք էսօր ֆեյսբուքյան էլիտար ցինիզմ եք բեմադրում (գրիչը դե բնությունից տրված է), որ վաղը էդ նույն ցինիզմով ասեք` դե էսպես էլ պիտի լիներ։ Տեսել ենք, գիտենք։ Հիշում ենք։
Ու հա, հենց քեզ եմ ասում։ Տաղանդավորիդ ու հասկացողիդ եմ ասում։ «Պատերազմի կուսակցությանը» ծաղրելով` կանգնել եք վերջին տարիներին մեր երկիր չվերջացող պատերազմ բերողի մեջքին` հրեշտակի թևեր հյուսելով ձեր փետուրներից։
Արդեն մտքում ունե՞ք վաղվա ձեր ալիբին։ Էդտեղի՞ց է գոյության` ձեր էդ անհավատալի թեթևությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները