Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն հատվածներում, որոնք նրան առավելություն կապահովեն. Աբրահամյան
«Ադրբեջանի քաղաքականությունը, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների շուրջ, իր մեջ բավականին վտանգավոր նպատակներ են պարունակում»,- ԱԺ-ում հայտարարություննրի ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, ճիշտ է՝ հայաստանյան իշխանությունը պնդում և փորձում է հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե իրենք խաղաղություն և անվտանգություն են բերելու, բայց իրականում այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր սահմաններում, այս պահին՝ Տավուշի հատվածում, քաղաքական և անվտանգային դետոնացիայի է հանգեցնելու:
«Իշխանության խոստումները խաղաղություն բերելու առումով, մեր հասարակության համար, վաղուց վերածվել են բլեֆի հենց միայն այն պատճառով, որ բոլորի աչքի առաջ է այս իշխանության գործունեությունը, որը մարդկանց բացառապես ցավ, տառապանք, անորոշություն և կորուստներ է բերել: Ի դեպ, պատահական չէ, որ Ադրբեջանի թելադրանքով, այսպես կոչված, սահմանային ճշգրտումները հենց Տավուշի վերոնշյալ հատվածներից են սկսվել»,- նշեց Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Ադրբեջանը փորձում է օգտվել հայաստանյան իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել բոլոր այն հատվածներում, որոնք նրան մարտավարական և ռազմավարական առավելություն կապահովեն, իսկ Հայաստանին՝ քաղաքական հպատակություն:
«Ընդ որում՝ այն, ինչ այսօր արվում է, այսպես կոչված, դելիմիտացիա/դեմարկացիայի անվան տակ, 2020-23 թվականներին, Ադրբեջանն արեց ուժի կիրառման միջոցով: Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական մխրճումներն ավարտելուց հետո թիրախ է ընտրվել Տավուշը, հետագայում անցում է կատարվելու Նախիջևանի ուղղությանը: Նպատակը Հայաստանի շուրջ օղակը սեղմելն է, որի պարագայում Ադրբեջանը կստանա քաղաքական երաշխիք, որ այսուհետև Հայաստանի ցանկացած իշխանություն, ցանկացած հարցի բանակցման ժամանակ, այլ ելք չի ունենա, քան կատարելու ադրբեջանական կամքը»,- ասաց Տ. Աբրահամյանը։
Նա նշեց, որ իրադրության լրջությունն առաջին հերթին նրանում է, որ իշխանությունը ոչ միայն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով խաղաղություն չի բերելու, այլ իրենից հետո հավերժ կռացածի կարգավիճակ է ապահովելու հաջորդ բոլոր կառավարությունների համար:
«Այս ամբիոնից այսօր իշխանությունը պնդում հնչեցրեց, թե՝ մենք գիտենք, թե ինչպես Հայաստանի անվտանգությունը պաշտպանենք: Ո՛չ, չգիտե՛ք, ինքնախաբեությամբ մի՛ զբաղվեք, առավել ևս՝ մարդկանց մի՛ մոլորեցրեք: Կամ ասում եք՝ մենք շատ լավ գիտենք, թե ինչ ենք անում: Սա էլ հիշեցնում է ձեր քաղաքական առաջնորդի հայտնի խոսքը Արցախի հարցով բանակցությունների վերաբերյալ, երբ ասում էր՝ ինչ-որ պետք է՝ էն էլ բանակցում ենք: Թե ինչ եղավ հետո և ինչ դաժան իրականության հետ առերեսվեց մեր ժողովուրդը, բոլորը գիտեն, այնպես որ՝ մեր քաղաքացիներին երկրորդ անգամ դժոխքի միջով չանցկացնե՛ք: Որքան շուտ կանգ առնե՛ք, հեռանա՛ք ու առերեսվեք իրականության հետ՝ այնքան լավ և՛ մեր երկրի, և՛ ժողովրդի, և՛, ի դեպ, ձեր համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները