Անբարոյականության հանդես ու բարոյականության վարժանքներ
Կարմիր-սև բերետավորները Կիրանցի մոտ ծեծում են ՀՀ քաղաքացիներին։ Ոտքի տակ գցած, որ ազատեն մարդկանցից Հայաստանի այդ մասն էլ, տան ադրբեջանցիներին։
Չգիտեմ ինչ ասել։ Այս նկարագիրը հերիք է պատկերացնելու այն անբարոյականության սահմանը, որտեղ ապրում են Փաշինյանի հրամանները կատարողները։ Էլ իշխանությունների մասին չեմ ասում՝ այդտեղ լրիվ խավար է։
Թվում է ամեն ինչ պարզ է՝ անհավանական պիտի համարվեր, որ Հայաստան, տուն, իրար պաշտպանող մարդկանց ծեծում են որպես հանցագործների։ Մարդը պիտի ապշեր, բարկանար, բայց կմտնեք այդ հրապարակումների տակ, կկարդաք, թե ինչպես են թոռ-երեխաների նկարներով կանայք, ծիտիկ-հավիկ աղջիկներ, բիձիկ ու քածիկ տղամարդիկ ուրախանում, հրճվում, հիստերիկ գրում՝ տեղն է դրանց, ծեծեք, սատկացրեք...
Չե՞ք հավատում։ Գրազ գանք։
Հանրության ամեն մաս իր առաջնորդի լեզվով է խոսում։
Սրանք՝ Փաշինյանի լեզվով։
«Դուք չեք որոշում, թե թուրքը որտեղ ա գալու նստի»։
Սա 21 թվին ասաց։ Ու նիկոլի բերանով սնվողների համար օրենք դարձավ՝ իրենք չեն որոշում, թե թուրքը որտեղ գա ու նստի։
Այդպես էլ ապրում են, անբարոյականության իրենց հանդեսով ուրախ, արբած ու գոհ։
Որովհետև կամք չունեն։ Թուրքի որոշածները։
Ու նախանձում են։ Ովքեր խելք ունեն՝ նախանձում են այն կամքին, որ ուրիշներին թույլ չի տալիս թուրքի ու նիկոլի նույն որոշմամբ ապրել։ Ու չարանում են։
Մարդկանց մյուս մասը, որ քաղաքական ընդդիմության կիսափորձերից, երևի՝ կառավարություն կամ իշխանություն փոխելու, արդեն հիասթափվել էր, գտավ Բագրատ Սրբազանին։ Հանգիստ, խաղաղ, խիստ, ազդու խոսքը նրա։ Խոսք, որի մեջ կա և այդքան սպասված ճշմարտություն, և ուժ, և սկզբունք, և իմաստություն։ Հասարակ բառերով ասած, հստակ ասած, առանց ավելացնելու սպասելիքներ գրավելու համար։
Դժվար է Սրբազանից հետո իրավիճակի վերլուծականներ գրել։ Նկատած կլինեք՝ դրանք քչացել են սոցցանցերում։ Հիմնականում համաձայնության մասին են գրառումները։ Անելանելիության չարությունից մարդիկ դուրս գալու վարժանքներ են անում։ Առանց վախի ապրելու։ Ոչ թե կույր ձևանալով, այլ տեսնելով։
Դժվար է։
Մի շաբաթ Սրբազանը քայլելով եկավ, մենք քնում-ելնում, ուտում, կարդում, հետո հետևում էինք այդ երթին։ Ոտքերը արյունոտելով, առանց դժգոհելու, մարդկանց բարևելով, օրհնելով։ ՈՒզում էինք Փոքր Մհեր դարձած տեղ հասնի, չարի դեմ մեր փոխարեն կռիվը տա ու վերջ՝ ամեն ինչ դառնա մեզ հոգեհարազատ՝ Հայրենիքն ազատ, մենք չպարտված, նիկոլը թախտից ընկած, դատարաններն արդար, մարդիկ խելացի, կանանց քնքուշ ու սիրասուն, սահմաններն ամուր, զինվորը քաջ, ոստիկանը մարդ,..։ Իսկ պարզվեց՝ չէ, դեռ բարոյականության վարժանքներ ունենք անելու։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Ձեզ ինչ է եղել, մարդիկ
- Հայաստանյան իրավունքի ագրեգատային վիճակները
- Իսկ հիմա յո յերթաս, զինվոր
- Հայերը շտապում են ապրել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները