Վերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է․ Գառնիկ Դանիելյան
Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունենում ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նախ ընթերցեց Հայաստանի բուհերի արհմիության հայտարարությունը․
«Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, վերազանցելով իր լիազորությունները խախտելով ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված աշխատողների ազատ միավորման իրավունքը, ՀՀ աշխատանքային օրենսգրքով և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքով Արհեստակցական կազմակերպությունների ազատության և անկախության սկզբունքները, ինչպես նաև խաթարելով տասնամյակներ Երևանի պետական համալսարանում գոյություն ունեցող սոցիալական գործընկերության շարունակականությունը, հանձն է առել մի անշնորհակալ գործ, որը ՀՀ քրեական օրենսգրքում ունի հստակ ձևակերպում, որակում և պատասխանատվության ժամկետներ։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանի պետական համալսարանի ռեկտորը կամ իր հանձնարարությամբ ռեկտորատի այլ պաշտոնյաներ հորդորում և ստիպում են Երևանի պետական համալսարանի աշխատողներին դուրս գալ արհմիության անդամությունից՝ տրամադրելով նրանց արհմիության անդամությունից հրաժարվելու դիմումի ձև, որից հետո ստիպողաբար ստորագրված դիմումները վերցնում են աշխատողների ձեռքից և հավաքում իրենց մոտ։
Այս արարքը կոպտորեն խախտում է Արհեստակցական կազմակերպությունների ազատության և անկախության մասին ներպետական օրենսդրությունը և ՀՀ կողմից վավերացրած միջազգային (Աշխատանքի միջազգային կազմակերպություն) կոնվենցիաներն ու պայմանագրերը։
Ամեն ինչ շատ պարզ է՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորը, տեսնելով հանրապետությունում տեղի ունեցող քաղաքացիական բողոքի ակցիաներին համալսարանի աշխատողների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ցանկանում է գործատուի մոտ աշխատողների միակ պաշտպան հանդիսացող կառույցից՝ Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպությունից հանել աշխատողներին, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող պաշտպանել տվյալ աշխատողի իրավական և սոցիալական շահերը: Ակնհայտ է, որ ռեկտորի այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ Երևանի պետական համալսարանի քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, բողոքի ակցիաներին մասնակցող և իրենց համար «անցանկալի» աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ, անաղմուկ և առանց արհմիության համաձայնության։
Հայաստանի բուհերի արհմիությունը դատապարտում է վերջին օրերին Երևանի պետական համալսարանի աշխատողների հանդեպ տեղի ունեցող աննախադեպ ճնշումները և միաժամանակ կոչ է անում Երևանի պետական համալսարանի ռեկտորին վերջ տալ այս ապօրինի գործողություններին, չարաշահելով պաշտոնական դիրքը՝ դեկաններին և վարչական ստորաբաժանումների ղեկավարներին չներգրավել այսօրինակ քրեական պատասխանատվություն առաջացնող գործողություններում, վերադառնալ սոցիալական գործընկերության դաշտ, բանակցությունների և քննարկումների միջոցով կնքել նոր կոլեկտիվ պայմանագիր, որը կհամադրի գործատուի և աշխատողների շահերը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի աշխատողներին կտա հավելյալ իրավական և սոցիալական երաշխիքներ»։
Պատգամավորն այնուհետև հավելեց․ «Պարզ է՝ վերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է և այս պրոցեսներում ներգրավված ամենաակտիվ ուսանողներն ու դասախոսները չէին կարող թիրախ չհանդիսանալ։ Բայց, ի պատիվ մեր ուսանողական և դասախոսական անձնակազմի, ոչ ոք այս բռնաճնշումների տեղի չի տալու, շարժման մասնակիցների ու երիտասարդների թիվն օր օրի ավելանալու է»։
Պատգամավորը կոչ արեց բոլորին՝ մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին լինել Հանրապետության հրապարակում, որտեղ տեղի կունենա մեծ հանրահավաք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան