Թաթոյան. Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, արձագանքելով ԱԺ-ում ՔՊ-ականների հնչեցրած ելույթներին, ահազանգում է.
«Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակ ունեցող Հայոց Ազգային Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ` օգտագործելով «պատեհ առիթը»:
Սկսած իշխանության գալու առաջին շրջանից Եկեղեցու` իբրև ինստիտուտի նկատմամբ դա անելու փաստերն ակնհայտ են`
1. Երբ 2018թ. «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը նախաձեռնողները Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում Մայր Աթոռի դեմ քաղաքական ակցիաներ էին անում, ներկայացվող դիմումներին ի պատասխան իշխանությունը պատճառաբանում էր, թե այդ տարածքը հասարակական նշանակության է, և այդ ակցիաներն իրավաչափ են: Այսօր Խորհրդարանում հայտարարվում է, թե անընդունելի են գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի (Bishop Bagrat Galstanyan) կազմակերպած հավաքներն այդ նույն վայրում:
2. 2018թ. իշխանության ակնհայտ թողտվությամբ բռնության գործադրմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/-ում Դիվանատուն մի խումբ անձանց բռնի կերպով ներխուժումը:
3. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարձակումը, մեքենայի շրջափակումն ու քարերով սպառնալիքները:
4. Անվտանգության նկատառումներով Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող մեքենայի ոստիկանական ուղեկցության վերացումը:
5. Անթույլատրելի բառապաշարով եկեղեցու ու հոգևորականներին վարկաբեկող գնահատականներն ու արժանապատվությանը, հեղինակությանը հասցված վիրավորանքները:
6. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին «հարկման ենթարկելու սպառնալիքը», որին արդեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են»։