Պետականակերտ գործիչը երբեք բերան չի բացի և ձեռք չի շարժի ընդդեմ ազգային բացարձակ արժեքի՝ Հայոց Եկեղեցու. Ասողիկ աբեղա Կարապետյան
Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«Հայոց Եկեղեցու շնորհաբաշխ դռները բաց են բոլորի առջև՝ յուրային և օտար. ևս առավել յուրայիններից, անխտիր, բոլորի առջև բաց է Հայոց Սուրբ Եկեղեցին: Եվ նրանք, ովքեր սուրբ սիրտ և ուղիղ հոգի ունեն՝ նրանք միշտ անվարան, անդադար կգնան և կլինեն իրենց հարազատ սուրբ տաճարներում:
Ոչինչ և ոչ ոք չի՛ կարող պիտակավորել որևէ անձի, ով հոգու մղումով կցանկա գնալ եկեղեցի՝ տաճար հաղորդակցվելու աստվածային սրբագործ միջավայրին:
Հայոց Եկեղեցու աստվածագործ սուրբ գմբեթի ներքո կանգնում են ամենքը՝ արդարներն ու մեղավորները, արք և կանայք, ծերերն ու մանուկները, իշխանությունն ու ընդդիմությունը: Այո, այդպես է, քանի որ հայ իրականության մեջ միմիայն Հայոց Եկեղեցին է սիրո սուրբ մերանը, որով շաղախվում ու խմորվում է ողջ հայոց ազգը:
Հայաստանի Ազգային ժողովի բարձրագույն ամբիոնի առջև կանգնող որևէ երեսփոխան, որևէ պաշտոնյա պարտավոր է իր կեցվածքով, իր գաղափարով ու իր խոսքով արժանի լինել այդ բարձրագույն բեմի պատվին և արժեհամակարգին:
Հարգարժան տիարք և տիկնայք, Հայոց Եկեղեցու հետ պետք չէ խոսել սպառնալիքով կամ ծաղրանքով. այդպես վարվելով՝ Դուք միայն Ձեզ եք վարկաբեկում ու վիրավորում: Առավել շիտակ և պատվական կլինի, եթե Դուք խորհեք, խոսեք և գործեք պետական պաշտոնյային վայել՝ կանգնելով վեր ամեն անձնականից, խմբակայինից ու կուսակցականից: Պետականակերտ գործիչը երբեք, ոչ մի դեպքում քայլ չի անի, բերան չի բացի և ձեռք չի շարժի ընդդեմ ազգային բացարձակ արժեքի՝ Հայոց Եկեղեցու:
Անկախ և ինքնիշխան Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքն են (թեև անկատար) սահմանել ազգային Եկեղեցու իրավական կարգավիճակը: Հարգեք և պահպանեցեք այն ամենն ինչ ազգակերտ է ու հայրենաշեն:
Մի՛ խեղաթյուրեք, հարգարժան խորհրդարանցիներ, իրականությունը. Հայոց Եկեղեցին միշտ էլ և պարտաճանաչ կերպով հարկ է տվել՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ տեսակի հարկերը:
Ապահարկ են միմիայն այն սրբազան առարկաները, որոնք ունեն ծիսաարարողակարգային նշանակություն, այլ կերպ՝ հավատքի պարագաներ են և Աստծո բաժին:
Գիտակցեք, որ Եկեղեցին հազարավոր աշխարհական աշխատակիցների աշխատավարձ ու նպաստ է տալիս՝ պետությունից մեկ լումա չակնկալելով: Եվ այս ամենը շնորհիվ այն բարեպաշտ ու հայրենասեր հայորդիների, ովքեր գիտակցում են իրենց Մայր Եկեղեցու սրբությունն ու առաքելությունը և լիակատար վստահելով՝ իրենց արդար վաստակից մաս և բաժին են հատկացնում ազգակերտ ու հայրենապահ Սուրբ Եկեղեցուն:
Վերջապես, ջանացեք և կայացեք որպես հավատավոր զավակներ և պետական մտածողություն ունեցող գործիչներ՝ վեր կանգնելով ամեն տեսակի անձնական, խմբակային ու կուսակցական շահերից»։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Ալեն Սիմոնյանի՝ եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի
- Եկեղեցին իր գործը թողած, զբաղվում է քաղաքական առևտրով. Ալեն Սիմոնյան