Մեկ անձից գնումների ընթացակարգի ռիսկերը Երևանի քաղաքապետարանում. Արտակ Քյուրումյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական վերջին խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը։ Վերջինս մինչ այդ զբաղեցնում էր քաղաքապետարանի «Կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը։
Արմեն Հարությունյանն իր պաշտոնավարման հենց առաջին օրը խնդրեց, որՏիգրան Ավինյանը թույլ տա մեկ անձից գնման տարբերակ օգտագործեն ասֆալտապատման-փոսալցման աշխատանքների համար։
Մեկն անձից գնումների պրակտիկայի և նրանում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին Panorama.am-ը զրուցեց պետական ֆինանսավորման և կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի հետ։
Ա. Քյուրումյան-Մեկ անձից գնումների ընթացակարգը օրենքով է նախատեսված, որը օրենսդիրը համարել է անհրաժեշտ։ Այդ առումով այն օրինական ընթացակարգ է, որը պատվիրատուները կարող են օգտագործել։ Այստեղ խնդիրն այն է, որ այն օգտագործվի անհրաժեշտության դեպքում, այսինքը՝ ծայրահեղ դեպքերում օգտագործվող ընթացակարգ է, երբ ժամանակը չի բավարարում կամ հրատապ է։ Կան նաև դեպքեր, երբ տվյալ մատակարարը Հայաստանում այդ ծառայության կամ ապրանքի միակ մատակարարն է և չկա ուրիշ մեկը, որ այդ ապրանքը առաջարկի։ Այդ դեպքում ել պատվիրատուները ստիպված են գնումը կատարել տվյալ մեկ անձից։ Այս դեպքում էլ այն խնդիր չէ և կարող է օրինական օգտագործվել։
Panorama.am-Երևանի քաղաքապետարնի գնումների ո՞ր մասն է կատարվում մեկ անձից գնման եղանակով։ Որտե՞ղ է կոռուպցիոն ռիսկը։
Ա. Քյուրումյան- Armeps համակարգի համաձայն Երևանի քաղաքապետարանը 2023 թվականին կատարալ ե 35 մլրդ 490 մլն-ի գնումներ, որոնցից 2 մլրդ 436 մլն դրաման է կատարվել մեկ անձ ընթացակարգով։ Այսինքը մոտ 6.9 %-ը, ինչը վատ ցուցանիշ չէ։
Բայց այստեղ խնդիրը պլանավորման մեջ է։ Զգալի չափով պատվիրատուները լավ չեն պլանավորում իրենց ծախսերը և դրանով պայմանավորված գնումները։ Օրինակ նույն Armeps համակարգում եթե նայում ենք պատվիրատուների գնումների համակարգը, ապա տեսնում ենք արդեն, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ վերաձևել է իր գնումների պլանը։ Armeps-ում Երևանի քաղաքապետարանի գնումների պլանում 3500 տող կա, այն դեպքում երբ նախորդ տարի քաղաքապետարանը 1797 պայմանագիր էր կնքել։ Այսինքը 2024 թվականի գնումների պլանը գրեթե ամբողջությամբ փոփոխության է ենթարկվել, այստեղ է խնդիրը, որ լավ չեն պլանավորում և անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել գնումների պլանում և դիմում են մեկ անձից գնումների ընթացակարգի։
Լրատվամիջոցները հաճախ այդ պլանավորման փուլին ուշադրություն չեն դրաձնում, բայց օրինակ Երևանի քաղաքապետարանը 2023 թվականի դեկտեմբերին արդեն մեկ տասնյակից ավել փոփոխություններ էր կատարել 2024 թվականի գնումների պլանում։ Այսինքը գնումների պլանը 4-րդ եռամսյակում հաստատել էին և արդեն դեկտեմբերի դրությամբ մեկ տասնյակից ավել դեպքերով փոխել էին այն։ Սա խնդիր է՝ կապված պլանավորման հետ, կարողությունների հետ, թե՛ կարողություններն են, թե՛ կանխամտածված են փոփոխությունների ենթարկվում, ուղղակի փոփոխությունների ծավալն այնքան մեծ է, որ դրանց մշտադիտարկումը դառնում է անհնար, և այդ ընթացքում կարող են, իհարկը, չարաշահումներ լինել, բայց ինքնին մեկ անձից գնումների ծավալը 2023 թվականին մեծ չի եղել։
Panorama.am-Ո՞ր դեպքերում է կառավարությունը թույլ տալիս կատարել մեկ անձից գնումներ, ո՞ր դեպքում, օրինակ, Երևանի քաղաքապետը։
Ա. Քյուրումյան-Մեկ անձից գնումների տեսակներ կան, որոնք կառավարությունն է թույլ տալիս, բայց հիմնական մասը թույլատրում է պատվիրատուի ղեկավարը։ Հարյուրավոր, հազարավոր որոշումներ են կայացվում մեկ անձ ընթացակարգի վերաբերյալ և դրանց մի զգալի մասը պատվիրատուների ղեկավարներն են կայացնում և հենց պլանավորման փուլում մի շարք դեպքեր կան, որ պլանավորում են մեկ անձ ընթացակարգով։
Panorama.am-Նման դեպքերում կոռուպցիոն ռիսկերը մեծ չե՞ն։
Ա. Քյուրումյան-Մեկ անձից գնումներին դիմելը կարող է պայմանավորված լինել կարողություններով, բայց այսքան տարիներ նրանք պետք է այդ կարողությունները զարգացրած լինեին։ Մյուսն էլ այն է, որ այդ պլանները ձևական բնույթ է կրում, ոչ մեկը դրանց ուշադրություն չի դարձնում, չի հետևում, թե ինչքանով են պլաններից շեղվում և այլն։ Մարդիկ ձևի համար պլանը պատրաստում են, հետո տարվա ընթացքում ինչպես ուզում են փոփոխությունների են ենթարկում, միևնույնն է, ոչ մեկը նրանց չի ասում, թե այն ինչու են արել։ Դրանք ձևական բնույթ են կրում և երբ ուզում, ինչպես ուզում են դրանք վերաձևափոխումների են ենթարկվում։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանից ասում են՝ երբ ուզեն, մեկ անձից գնում կկատարեն
- Քաղաքապետարանը մեկ համերգի ու մեկ միջոցառման համար ավելի քան 124 մլն դրամ է ծախսել՝ մեկ անձից գնումով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան