«Դիզելի գործով» որոշումը կհրապարակվի մայիսի 29-ին
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավճիռ կայացնելու։
Դատարանում այսօրվա նիստում հրապարակվեց ամբաստանյալների վերջին խոսքը։ Սերժ Սարգսյանը վերջին խոսքով հանդես գալու ցանկություն չհայտնեց։
Բարսեղ Բեգլարյանն ակնկալում է արդար դատական ակտ. «Շատ շատերը գիտեն, որ գործը քաղաքականացված է, կարված։ Ուղղակի խնդրում եմ, որ դուք՝ այս գործին անաչառ մոտենաք, չեմ բացառում, կասկածներ ունեմ, որ կլինեն ճնշումներ ձեր նկատմամբ։ Խնդրում եմ, որ որոշում կայացնելիս լինեք անաչառ, ձեր խղճին համապատասխան և չգիտես ինչու՝ վստահ եմ, որ դուք հավատարիմ եք ձեր դատավորի բարձր կոչմանը, ակնկալում եմ արդար որոշում, այն է՝ արդարացում»։
Ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը ևս հայտարարությամբ հանդես եկավ վերջին խոսքով։
Դատարանը հեռացել է խորրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի մայիսի 29-ին՝ ժամը 14,00-ին։
Հիշեցնենք, որ քրեական գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակում է երեք անձ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։
Ըստ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։
Ըստ Գևորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2012թ․ հունիսի 25-ից մինչև 2015թ․ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ․ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով անցնող Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Դատարանի որոշմամբ, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։