Շառլ Ազնավուրի ծննդյան օրից 100 տարի անցավ
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 100 տարեկան։
Նա ծրագել էր ելույթ ունենալ իր ծննդյան 100-ամյակին, սակայն...
100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով հայ Շառլի իրական անուն-ազգանունը Շահնուր Վաղինակ Ազնավուրյան է։ Նա ծնվել է Ֆրանսիայում 2024 թվականի մայիսի 22-ին հայ գաղթականների ընտանիքում։
Հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:
Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ:
Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգ: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով:
«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»,- ասել է Ազնավուրը, ով ճանաչվել է 20-րդ դարի լավագույն երգիչ։
1995 թ-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ-ին նշանակվել էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները:
Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովի
- Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշերի թողարման արարողություն՝ Ֆրանսիայում
- Փարիզի կենտրոնում կբացվի Շառլ Ազնավուրի անվան այգին
- Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանվի Շառլ Ազնավուրի անունով
- Շառլ Ազնավուրն և Սերգեյ Փարաջանովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Հռչակավոր մարդկանց 2024-2025թթ. օրացույցում
- Ես սիրում եմ հանդիսատեսին, հանդիսատեսը սիրում է ինձ. Շարլ Ազնավուր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան