Ալի Խամենեի. Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների նկատմամբ
«Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների նկատմամբ, և այդ զգայունությունն ու հոգատարությունը հետագայում էլ պետք է հաշվի առնվեն»,-«Իռնա»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Իրանի գերագույն առաջնորդն ընդգծել է, որ երկու երկրները պետք է կարողանան ապահովել սեփական շահերը։
Ալի Խամենեին ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման Իրանի քաղաքականությունը կշարունակվի Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոխբարի առաջնորդությամբ։
Նա ընդգծել է Իրանի ու Հայաստանի միջև զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով, որ երկու երկրներին վերաբերող հարցերին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել։
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն ուղղված քայլերը` ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հետ:
Փաշինյանն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում ու կիսում են բարեկամ Իրանի ողջ ժողովրդի ցավը:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական կապեր ունեին, որն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա:
Մոհամմադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ Հայաստանի հետ նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ: