Մենք կսատարենք վարչապետի այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը. Սերժ Սարգսյան
«Ենթադրություն անելը լավ գաղափար չէ, բայց ես կարծում եմ, որ շարժումը լայն թափ է առել, բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում կհասնի հաջողության»,- «Դիզելի գործով» դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, որ իր կարծիքով իշխանությունները ոչ թե քննադատում են, այլ հիմնականում զրպարտում են ցանկացած ընդդիմադիր հայացք ունեցող մարդու, ցանկացած մարդու, ով մտահոգ է իր հայրենիքի ապագայով, ցանկացած մարդու, ով դեմ է հասարակությանը մասերի բաժանելուն և այլն։
Հարցին՝ Դո՞ւք էլ եք կարծում, որ Բագրատ Սրբազանը պետք է լինի վարչապետի թեկնածու, նա ասաց. «Այդ հարցով չեմ ուզում կարծիք հայտնել, մենք մեր կարծիքը հայտնել են գործադիր մարմնի հայտարարությամբ, այնպես էլ մեր կուսակցական ընկերների բազմաթիվ հայտարարություններով, որ մենք կսատարենք վարչապետի այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ Սրբազանը»։
ՀՀ երրորդ նախագահը հայտարարեց, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժումը։
Հարցին՝ քանի որ ՀՀԿ-ն աջակցում է Բագրատ Սրբազանի շարժումը, Ձեզ կտեսնե՞նք Սրբազանի կողքին հարթակում, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Պարտադիր չէ։ Ես հարթակներ բարձրանալու ոչ սովորություն, ոչ ցանկություն ունեմ, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի... Մենք ամեն ինչի պատրաստ ենք, միայն այս Շարժումը հաջողության հասանի և իշխանափոխություն լինի»։
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի հայտարարությանը, որ չի բացառվում նախկին նախագահների հետ հանդիպումը, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Հրավեր չեմ ստացել, բայց Բագրատ Սրբազանի հետ ես առիթ եմ ունեցել հանդիպելու։ Ոչ այսօր, ոչ երեկ կամ ոչ երեկ չէ առաջին օրը»։
Հարցին՝ իշխանություններն ասում են, նախկիններն ուզում են հետ վերադառնալ, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Նախկինների գալուց վախենում են, թող գնան խաչակնքվեն, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, ինչ ուզում են, թող անեն, բայց մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք։
Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ մենք որևէ ակնկալիք չունենք, մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ մենք հետապնդում ենք իշխանափոխության գաղափարը։ Քանի անգամ պետք է ասել, որպեսզի մարդիկ դա կարողանան հասկանալ»։
Հարցին՝ հնարավո՞ր է լինելու Նիկոլ Փաշինյանին հեռացնել փողոցային պայքարով, 2018 թվականին կիրառված տեխնոլոգիաներով, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ մենք նույնիսկ ի վիճակի ենք այդ տեխնոլոգիաները կրկնօրինակել, քանի որ ոչ նախկին շարժումների, ոչ էլ այսօր շարժումների հետևում ես չեմ տեսնում ուժեր, որոնք վարպետորեն տիրապետում են այդ տեխնոլոգիաներին»։