Եկան «սելֆի» արեցին ու գնացին․ Նոր Արեշ փողոցի բնակիչը կդիմի դատարան
Նոր Արեշի 48-րդ փողոցի բնակիչ Խաչատուր Սարաֆյանը Panorama.am-ին հայտնեց, որ պատրաստվում է դիմել դատարան՝ գույքի վնասի փոխհատուցում ստանալու համար։
Սարաֆյանը պատմեց, որ մայիսի սկզբին Ողջաբերդ գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատի փլուզումից տուժել է նաև իր ընտանիքը։ Ջրալցվել են ոչ միայն 50-րդ փողոցի, այլև հարակից՝ 48-րդ փողոցի տները։ Վնասի չափը, բնակիչի խոսքով, մեծ է , սակայն իր միջոցոներով անկախ փորձագետէ հրավիրել, որն առաջիկա օրերին թվային տեսքով կներկայացնի հեղեղումից տուժած բնակչի գույքային վնասի ստույգ թիվը։
«Մոտավորապես 3-4 մլն-ի վնաս եմ կրել, գուցե ավելին։Մայիսի 4-ին, գիշերը ժամը 00։00-ին տեսա, որ մեր դռան տակից ջուր է գալիս։ Կարծեցի՝ սելավ է և դռան տակը որոշեցի փակել, բայց միանգամից ջուրը էնպես խփեց, որ լուսամուտից էլ ներս լցվեց ցեխաջուրը։ 1,5 մ ջուր էր լցվել,ամեն ինչ վնասվել է՝ թե՛ տեխնիկան, թե՛ կահույքը, թե՛ անկողինը։ Մինչև հիմա բակում դրված է տեխնիկան, բայց չի աշխատում։ Մի քանի հագուստ ենք կարողացել փրկել, մնացածը վարի ա գնացել, որովհետև մաքուր ջուր չէր, ցեխաջուր էր, կավաջուր էր»,- պատմեց բնակիչը։
Տուժած քաղաքացին ասում է, որ դիմել է պատկան մարմիններին, սակայն հարցին լուծում չկա։
«Վթարի հաջորդ օրը և՛ քաղաքապետարանից, և՛ թաղապետարանից եկան, բայց ոչ թե բնակիչներին մոտեցան, այլ դեպքի վայրում նկարվեցին, «սելֆի» արեցին գնացին։ Դրանից հետո որևէ մի ղեկավար չի եկել։ Միայն թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցն է եկել, թռուցիկ գույքագրում է արել ու գնացել։ Գույքագրում են , որ ուղարկեն քաղաքապետարան։ Ես գնացի քաղաքապետարան դիմում գրեցի, հետո մի նամակ են ուղարկել՝ տեղեկացնելով, որ ձեր գործն ընթացքի մեջ է , բայց դեռ ոչ մի բան։ Հիմա անկախ փորձագետ պետք է գա, գնահատի, որ մենք դիմենք դատարան։ Անպայման դիմելու ենք, որովհետև այսքան ժամանակ մեզ ոչ ոք չի մոտեցել նույնիսկ հարցնի,թե առաջին անհրաժեշտության ինչի կարիք ունեք, նույնիսկ ջուրը դատարելու համար որևէ մեկը չի օգնել, մենք մեր ուժերով ենք արել»,- ասաց Խաչատուր Սարաֆյանը
Սարաֆյանների բազմանդամ ընտանիքն այժմ տեղավորվել է տան երկրորդ հարկում, քանի որ առաջին հարկը բնակության համար անպիտան է դարձել։
«Ես 44-օրյա պատերազմի մասնակից, վիրավոր ազատամարտիկ եմ, նույնիսկ այս հանգամանքը հաշվի չառան, ոչ ոք տեղից չշարժվեց։ Քաղաքապետարանում ձևական 4 ժամ պահեցին, մի թուղթ լրացրին ու վերջ։ Հիմա փոքր թոռնիկ էլ ունեմ, տեղավորվել ենք երկրորդ հարկում, մինչև վերանորոգենք։ Մեր տունը Նոր Արեշի 48-րդ և 50-րդ փողոցի անկյունում է, վթարն այս հատվածից է եղել և առաջին հարվածը ստացել ենք մենք։ Ես 50 տարուց ավելի այստեղ եմ ապրում, երբևէ չեմ տեսել, որ գան ջրանցքը մաքրեն, եթե վերևներից շինարարական աղբ էլ լցնեն գալու է այստեղ հավաքվի ու փակի»,- ասաց տուժած բնակիչը՝ ընդգծելով, որ նույնիսկ չգիտեն էլ,թե ով է պատասխան տալու վթարի համար։
Բնակիչը նշում է, որ նման մասշատբի աղետ առաջին անգամ է տեսնում։
Լուսանկարներն ու տեսանյութը Panorama.am-ին տրամադրել է Խաչատուր Սարաֆյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները