Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան նոր ռեկտոր ունի
Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդի գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը, որը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Կառավարության:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, 2024 թվականի մայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցել է երկու հավակնորդ: Մրցույթն ընթացել է հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել է խորհրդի 20 անդամներից 19-ը, որոնցից մեկը ևս հանդիսացել է ռեկտորի հավակնորդ: Ընտրությունը կայացել է երկու փուլով, որի արդյունքում Վարդան Ազատյանն ընտրվել է ակադեմիայի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:
Վարդան Ազատյանն արվեստագիտության թեկնածու է: Ավելի քան 20 տարի նա դասավանդում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում, ինչպես նաև այլ բուհերում, այդ թվում՝ արտերկրի:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Վարդան Ազատյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան միակ հաստատությունն է, որտեղ հնարավոր է մասնագիտական մակարդակում արվեստ սովորել: Սա նշանակում է, որ ակադեմիան հայ արվեստի ապագայի գլխավոր երաշխավորն է: Միաժամանակ կարևոր է, որ ակադեմիան դառնա տարածաշրջանային և միջազգային արվեստի կրթության ժամանակակից ստեղծագործական կենտրոն և գրավիչ լինի արտերկրի ուսանողների համար: Սա շատ բարձր ու կարևոր պատասխանատվություն է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան