«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը վերադարձել է Գերմանիայում համերգային շրջագայությունից
«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբն օրերս է վերադարձել Գերմանիայում ունեցած համերգային շրջագայությունից։
Երգչախումբից հայտնում են, որ մայիսի 3-17-ը Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ հայ երգի դեսպաններն իրենց կատարումներով զարդարել են գերմանական 4 տարբեր քաղաքների պատկառելի հարթակները։
Շրջագայությունը սկսվել է Համբուրգ քաղաքից: Երգչախմբի առաջին համերգը կայացել է սուրբ Գերտրուդի տաճարում՝ տեղի հայտնի Համբուրգի աղջիկների երգչախմբի հետ համատեղ։ Միացյալ համերգն ավարտվել է Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» երգի համատեղ կատարմամբ։
Մայիսի 5-ի առավոտյան երգչախումբն իր երգեցիկ ձայնը միացրել է ս. Հակոբի եկեղեցում մատուցվող սուրբ Պատարագի արարողությանը՝ կիրակնօրյա հանդիսությանը միահյուսելով միջնադարյան հայ շարականների, Կոմիտասի, Եկմալյանի, հայ ժամանակակից կոմպոզիտորների հոգևոր գանձերի հնչյունները։
Նույն օրվա երեկոյան երգչախումբը մեկ այլ եկեղեցում՝ Համբուրգի Յուբիլատե հոգևոր կենտրոնում, մենահամերգով է հանդես եկել, որը ևս մեծ ոգևորությամբ է ընդունվել ունկնդրի կողմից։ Երեխաների ելույթից խանդավառված՝ հանդիսատեսի թվում գտնվող մի տեղական երգչախումբ մինչև անգամ հանպատրաստից երգ է ձոնել հայ մանուկներին։
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի հաջորդ հանգրվանը Հանովերն էր, որտեղ խումբը մայիսի 8-13-ը մասնակցել էր Հանովերի մանկական և պատանեկան երգչախմբերի միջազգային փառատոնին։
Մայիսի 8-ին տեղի է ունեցել փառատոնի հանդիսավոր բացմանը Հանովերի Կոնգրեսների 3000 տեղանոց պալատում։ Այստեղ հավաքված, գրեթե երկու տասնյակի հասնող, ամենատարբեր ազգերի երգչախմբերը նախ ներկայացել են յուրաքանչյուրն իր այցեքարտ-կատարմամբ, ապա երգել են բոլորը միասին, ինչն իսկապես տպավորիչ էր և շատ հզոր։ Այնուհետև հաջորդեցին փառատոնային օրերը, որ հարուստ էին այս նույն բազմազգ խմբերի հանդիպումներով՝ լինի առավոտյան երգաստեղծական հետաքրքիր վարժանքների տեսքով, թե երեկոյան ուրախ ու հիշվող խնջույքների, միացյալ և առանձին ելույթներով։
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը փառատոնի շրջանակներում ունեցել է ևս երեք մենահամերգ, մեկը Քրիստուսկիրխեի նորակառույց հարթակում, մյուսը Հանովերի լավագույն դահլիճներից մեկում՝ Ռադիոյի 2000 տեղանոց համերգասրահում, ապա Անդրեաս Սփրինգե եկեղեցում։
Մայիսի 12-ին երգչախումբը մասնակցել է փառատոնի փակման արարողությանը։ Մյուս երգչախմբերի թվում Տիգրան Հեքեքյանի փոքրիկները կատարել են իրենց լավագույն ստեղծագործություններից մի քանիսը, ապա բոլոր երգչախմբերով երգել են միացյալ ուժերով ամենօրյա աշխատարանների ընթացքում ստեղծած փառատոնի փակման երգը, որտեղ յուրաքանչյուր խումբ երգում էր սեփական լեզվով իր իղձերի, մարդկությանն ուղղված մաղթանքների մասին, ապա միանում հզոր ու շքեղ կրկներգով։
Հաջորդ վայրը Դորտմունդն էր. Հունան Եղոյանի հիմնադրած «Մենք» երիտասարդաց միության ջանքերով և հայ ընտանիքների ուժերով կազմակերպվել էր երգչախմբի կեցությունն ու մայիսի 14-ի համերգային ելույթը Orchesterzentrum դահլիճում։
Հաջորդ քաղաքը, որտեղ սպասել են փոքրիկ երգիչներին, Մյունխենն էր։ Այստեղ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ երգչախումբը համերգով հանդես է եկել Bürgerhaus Haar համերգադահլիճում՝ կազմակերպված «Dav Social» ընկերության կողմից:
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև Թոլցի մանկական արական երգչախումբը։ Համերգի ավարտին այս անգամ ևս երկու երգչախմբերը միասին հայերեն լեզվով կատարել են Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան»-ը, ինչը մեծ խանդավառությամբ ընդունվել է ունկնդրի կողմից։
Երգչախումբը վերադարձել է հայրենիք մեծ հոգեկան «ավարով»՝ հարստացած տպավորություններով, մարդկանցից ստացած ջերմությամբ, ծափերի տարափն ականջներում։
Առջևում երգչախմբին սպասում է Սյունիքը, որտեղ մայիսի 26-29-ը նորից երգն է թևածելու, Տիգրան Հեքեքյանի կողմից անցկացվող «Երգով ու Սիրով» ամենամյա ՝ այս անգամ արդեն 4-րդ փառատոնի կոչնակների ներքո։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան