«Հրապարակ». Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են Ադրբեջանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկու օր է՝ Կիրանցում մարզային ուժային կառույցների ղեկավարների և մարզպետարանի աշխատակիցների միջոցով իշխանությունը բացատրական աշխատանքներ է տանում գյուղացիների հետ, համոզում, որ ստորագրեն փոխհատուցման առաջարկով փաստաթղթերը: Իսկ ովքեր ընդունել են, համոզում են, որ իրենք ձեռնամուխ լինեն մերժողներին համոզելուն։ Գյուղացիները պատմեցին, որ կիրանցեցիներին իրենց տներից դուրս գալ համոզողներից ամենաակտիվը վարչական ղեկավար Կամո Շահինյանի որդին ու եղբորորդին են Մարդկանց տողատակերով սպառնում են՝ եթե չհամաձայնեն՝ չստորագրեն փոխհատուցման թղթերը, միևնույն է` իրենց սեփականությունը կճանաչվի հանրային գերակա շահ։
Երեկ գույքագրվել էր ընդհանուր 54 գույք՝ 38 սեփականատիրոջով։ Գյուղացիները նախօրեին, մինչև ուշ գիշեր և երեկ ողջ օրը գյուղապետարան են ելումուտ արել: Բայց նրանց փոխհատուցման հստակ չափ չի ասվել: Տների համար բանավոր հնչում է 16 մլն դրամից ավելի՝ կախված գույքից, իսկ հողատարածքների համար հստակություն դեռ չկա։ Կիրանցեցիները հույժ գաղտնապահություն են դրսևորում՝ չեն ասում, թե քանիսն են համաձայնել փոխհատուցման առաջարկին, քանիսն են դեմ:
Համայնքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ 5 անձ համաձայնել է, որոնց թվում կան նաև մարդիկ, ովքեր Կիրանցում չեն ապրում` ինչ-որ սեփականություն ունեն: Նրանք եկել են գյուղ, ընդունել փոխհատուցման առաջարկն ու կրկին հեռացել։ Գյուղում նաև ժամանակավոր ապաստարաններ են կառուցվում, քանի որ վերջնաժամկետ է տրված մինչև հունիսի 24-ը, և մինչ այդ 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են Ադրբեջանին: Բացի այդ 2 տնից, նաև 3 դոմիկ, 1 լցակայան են անցնելու, 5-6 տուն էլ անմիջապես հայտնվելու է սահմանագծին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան