Փարիզի սրտում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակ
Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով անվանակոչվել է Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետ Ժան դ՛Հոտըսերը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի ընտանիքը՝ ի դեմս որդու՝ «Ազնավուր» հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի։
Արարողությանը ներկա են եղել նաև մի շարք խորհրդարանականներ, Փարիզում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆրանսիացի հասարակական, քաղաքական և մշակութային անվանի գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր։
Իր ելույթում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը երախտագիտության խոսք է ուղղել քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի սրտում հայազգի աշխարհահռչակ արտիստի՝ Շառլ Ազնավուրի անունը կրող և վերջինիս անմար հիշատակը հավերժացնող պուրակ բացելու գեղեցիկ նախաձեռնության համար։ Հայաստանի դեսպանը նշել է, որ Ազնավուրն իր երգերում բազմիցս փառաբանել է Փարիզ քաղաքը՝ այն համարելով իր կյանքի կարևորագույն իրադարձությունների խորհրդանշական մեկնակետը:
Նա ընդգծել է նաև Շառլ Ազնավուրի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած կարևոր ավանդը և ի հեճուկս հայ ժողովրդի դեմ ծառացած դժվարին մարտահրավերների՝ նրա անսասան հավատը Հայաստանի վերածննդի և լավագույն ապագայի հանդեպ:
Հասմիկ Տոլմաջյանն ասել է, որ Հայաստանի դեսպան և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրն անվերապահ և անմնացորդ Հայաստանի Հանրապետության կողքին էր և ակտիվորեն ներգրավված էր ի նպաստ Հայաստանի իրականացվող բոլոր նախաձեռնություններում։
Իր ելույթում Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն կարևորել է Փարիզի սրտում համաշխարհային մեծության հայազգի արտիստի հիշատակը հավերժացնող պուրակի բացումը՝ այն համարելով նաև յուրօրինակ տուրք Հայաստանին ու Փարիզ քաղաքի՝ հայ ժողովրդին անվերապահ նվիրվածության վկայություն:
Քաղաքապետ Հիդալգոն նաև հայտարարել է, որ առաջիկայում պուրակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը և պուրակը կծառայի ոչ միայն Մեծ Արտիստի հիշատակը հավերժացնելուն, այլ նաև կվերածվի մի վայրի, որտեղ միլիոնավոր մարդիկ կկարողանան հաղորդակից դառնալ նրա թողած մեծ ժառանգությանը:
Արարողությունը մեկնարկել է մեծանուն երգչի «Սիրում եմ Փարիզը մայիս ամսին» (J’aime Paris au mois de mai) հայտնի երգով, իսկ ընթացքում հնչել են երգչի ամենահայտնի ստեղծագործություններից մի քանիսը, ինչպիսիք են՝ «Ես ինձ պատկերացնում էի արդեն» (Je m'voyais déjà) , «Ինձ տարեք…» (Emmenez-moi), «Ինձ համար հիասքանչ ես» (For me Formidable), «Լա Բոհեմ» (La Bohème)։
Միջոցառման ավարտին Հայաստանի դեսպանի, Փարիզի և Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետերի և Նիկոլա Ազնավուրի կողմից հանդիսավոր բացվել է պուրակի անվանակոչումն ազդարարող հուշատախտակը՝ «Ֆրանսիացի արտիստ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվան պուրակ» մակագրությամբ։