Ադրբեջանի տնտեսության հենասյունը՝ էներգետիկ ոլորտը ճգնաժամի միտումներ է սկսել դրսևորել․ Դավթյան
Քաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է.
«Ադրբեջանի տնտեսության հենասյունը՝ էներգետիկ ոլորտը ճգնաժամի միտումներ է սկսել դրսևորել:
Բերեմ երկու շատ կարևոր փաստ:
1. Այս տարվա առաջին եռամսյակում Ադրեբջանում նավթագազային սեկտորի վճարած հարկերը կրճատվել են 40%-ով:
2. Նույն ժամանակահատվածում 7 անգամ կրճատվել է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումը:
Նման կտրուկ անկումը պայմանավորված է և տնտեսական, և բնակլիմայական պատճառներով:
Առաջինի դեպքում ակնհայտ է, որ Արցախի օկուպացիան ենթադրում է հսկայական ներդրումներ, որոնք դրսից այդպես էլ չեն գալիս (չհաշված բելառուսական տրակտորներն ու իսրայելեկան կաթի գործարանը):
Հետևաբար, այն ֆինանսական միջոցները, որոնք պետք է ուղղվեն էներգետիկ սեկտորի զարգացմանը, ուղղվում են Արցախում ցուցադրական ենթակառուցվածքային նախագծերի վրա: Արդյունքում երկրի ներսում երկրորդ տարին անընդմեջ աճում են կոմունալ ծառայությունների սակագները, ինչը չի կարող չանդրադառնալ սպառման ծավալների վրա:
Ադրբեջանում առկա օտարերկրյա կապիտալն էլ շարունակում է իրեն գաղութատիրոջ պես պահել՝ առանց լուրջ ներդրումներ իրականացնելու: Նույն British Petroleum-ը ադրբեջանականան նավթագազային հանքերում շարունակում է 1980-ականների տեխնոլոգիաներ օգտագործել՝ խախտելով բնապահպանական բոլոր նորմերը:
Բնակլիմայական խնդիրը կայանում է նրանում, որ 2006 թ.-ից ի վեր Կասպիում ջրի մակարդակը շարունակում է նվազել՝ 2022 թ.-ին հասնելով կրիտիկական ցուցանիշների: Նույն SOCAR-ն արդեն ահազանգում է՝ հայտարարելով Կասպյան շելֆում որոնողական-հետախուզական աշխատանքների, հորատման ու արդյունահանման ծավալների հնարավոր կրճատման մասին:
Այս ամենը ի մի բերելով՝ վերջերս միջազգային Fitch Solutions գործակալությունը հարցականի տակ է դնում 2027 թ.-ին Ադրբեջանից տարեկան 20 մլրդ խմ գազ դեպի Եվրոպա արտահանելու հեռանկարը:
Նշված պատկերը շատ կարևոր է գնահատելու համար Ադրբեջանի արտաքին քաղաքական կեցվածքը: Բնական է, որ խորացող տնտեսական դժվարությունների պայմաններում Ալիևը տիպված է քաղաքական սուբլիմացիայի գնալ ՝ փորձելով ստվերել տնտեսական ու սոցիալական խնդիրները տարածքային ձեռքբերումներով ու հաղթանակներով: Ինչ խոսք, Երևանն էլ ստեղծում է դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան