«Հրապարակ». Ինչու են ՔՊ-ում ոգևորված ԿՀՎ ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի՝ Հայաստան կատարած այցից
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում ոգևորված են ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցից։ Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Քոհենին, պաշտոնապես հաղորդվեց՝ «քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր»: Քոհենը նաև Արմեն Գրիգորյանի հետ է հանդիպել։ Իշխանական շրջանակներում խոսում են, որ ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան Հայաստան այցով փորձել է իր աջակցությունը հայտնել գործող իշխանություններին՝ ներքաղաքական վայրիվերումների այս փուլում, և ցույց տալ, որ իշխանափոխությանն արտաքին աջակցություն, ի դեմս ԱՄՆ-ի, այս պահին չկա։
Սովորաբար գերտերությունների հատուկ ծառայությունների ղեկավար կազմի այցերն այլ երկրներ չեն լուսաբանվում, եթե դրանց հիմքում քաղաքական հաշվարկներ չկան, սակայն այս դեպքում պաշտոնական հաղորդագրություն և անգամ լուսանկար տարածվեցին։ Պատահական չէ, որ ԱՄՆ պաշտոնյայի այցից հետո ՔՊ-ականների մոտ տրամադրություններ փոխվեցին։ Ընդամենը մեկ օր առաջ՝ մայիսի 20-ին, ՔՊ խմբակցության փակ նիստում ֆրակցիայի ղեկավարությունը պատգամավորներին հիշեցրել էր սրբազան շարժման վերաբերյալ հրահանգը, որ պետք է զուսպ լինել, չծաղրել, չցինիկանալ, իսկ մեկ օր անց մեկնարկող քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, «քլնգում» էին շարժումն ու առաջնորդ Բագրատ սրբազանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։