Հավանաբար, որոշ հարցերում Փաստաբանների պալատի ակտիվությունն է պատճառը. Կարապետյանցը՝ փաստաբանների ծառայության հարկերի բարձրացման մասին
«Չգիտեմ՝ ի՞նչ տրամաբանությամբ են գործել, բայց սա բավականին մեծ ռիսկ է փաստաբանական գործունեության արդյունավետության տեսակետից»,- «Արդարադատության արժեքը. փաստաբանների ծառայությունների հարկերի բարձրացման ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է 2024 թվականի հոկտեմբերից փաստաբանները 5%–ի փոխարեն կվճարեն 10% շրջանառության հարկ, իսկ 2025 թվականից կանցնեն ԱԱՀ–ի (20 %)։
Ըստ Սաքունցի, սա շղթայական մի ամբողջ բացասկան ազդեցություն է ունենում։
«Սա այն մոտեցումը չէ, որը պետք է կիրառվի։ Փաստաբանական ծառայության հետ կապված ունենք շատ մտահոգություններ, բայց սա այն լուծման տարբերակը չէ, որ այդ մտահոգությունները փարատվեն»,- ասաց նա։
Ա.Սաքունցի խոսքով, փաստաբանական ծառայության նկատմամբ հանրային վստահությունը, արդյունավետության բարձրացման խնդիրները պետք է լինեն առաջնային, նույն հանրային պաշտպանի ինստիտուտի արդյունավետության բարձրացումը։
«Կարծում եմ՝ պետք է հրաժարվել այդ մտքից և բոլորովին այլ մոտեցումներ պետք է լինեն։ Այս մոտեցումն ուղղակի իրավունքի պաշտպանության սկզբունքի դեմ է»,- ասաց նա։
Քննարկմանը ներկա «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը դժվարանում է հասկանալ, թե ինչու է հիմա նման փոփոխություն առաջարկվում. «Հավանաբար, որոշ հարցերում Փաստաբանների պալատի ակտիվությունն է պատճառը կամ, չգիտեմ, այդ կառույցի նկատմամբ վերաբերմունքն է հիմքում դրված եղել, կամ գուցե առանձին գործերով առանձին մեղադրյալների առանձին պաշտպանների հնարավոր եկամուտներն են իրենց անհանգստություն պատճառել։
Բայց փաստն այն է, որ Հայաստանում չի կարող արդարադատություն լինել միայն խոշոր սեփականատերերի և օլիգարխների համար։
Մի երկիր, որտեղ պաշտոնական տվյալներով կա 25 տոկոս աղքատություն, 25 տոկոսի համար ակնհայտ է, որ արդարադատությունը մատչելի չէ այն պարզ տրամաբանությամբ, որ բարձրացրել են պետական տուրքերն աննկարագրելի չափով։ Այդ տուրքերը, երբ բարձրացնում էին, հիմնական հիմնավորումն այն էր, որ պետք է բեռնաթափել դատարանները, որպեսզի մարդիկ տեղին-անտեղին չդիմեն դատարան, պետք է պետական տուրքն այնքան բարձր լինի, որ շարժը մի քիչ ավելի լինի։
Միևնույն է՝ հարուստների համար արդարադատությունը մնում է հասանելի, աղքատների համար դառնում է կրկնակի անհասանելի։ Ենթադրում եմ, որ նույն տրամաբանությունը կա այստեղ, որպեսզի քիչ մարդ դիմի դատարան, որպեսզի, ամենայն հավանականությամբ, դատարանները բեռնաթափելու տրամաբանության մեջ փորձեն տեղավորել»։
Նա կարծում է, որ հարցն, ամենայն հավականությամբ, քաղաքական ենթատեքստ ունի։
«Այլ տրամաբանության մեջ այս իշխանությունը ցավալիորեն մինչ այս պահը որևէ որուշում չի կայացրել։ Այս ոլորտի հետ կապված ըստ նպատակահարմարության, դրվագային, իրավիճակային արձագանք է տալիս միշտ՝ սկսած վեթինգ իրականացնել-չիրականացնելուց մինչև որոշ դատավորների նկատմամբ ինչ-որ պրոցեսներ սկսել-չսկսելուց։ Այդ ամեն ինչի մեջ կա քաղաքական ենթատեքստ, դա այլևս փաստ է, հնարավոր չէ հերքել»,- ասաց Ն.Կարապետյանցը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Մեժլումյան. Այս օրինագիծը լուրջ մարտահրավեր է իրավական պետության համար
- Փաստաբանները համաձայն չեն փաստաբանական ծառայություններից շրջանառության հարկը 5 %-ի 10 % դարձնելու օրինագծի հետ