Մակույկները չմոռանաք. քաղաքապետարանից չեն բացառում, որ Երևանը կրկին ջրածածկ կլինի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը կանխատեսել է՝ Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 24-26-ին Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։
Վերջին մեկ ամսվա ընթացքում հորդառատ անձրևների հետևանքով Երևանի փողոցներում իսկական գետեր էին առաջանում, մեքենաները, ավտոբուսները հայտնվում դրանց մեջ։
Ի՞նչ է անում Երևանի քաղաքապետարանը այս անգամ էլ քաղաքը նույն վիճակում չհայտնվելու համար, արդյո՞ք ջրահեռացման համակարգերը մաքրվել են այս օրերի ընթացքում։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Panorama.am-ին ասաց, որ դա ամբողջությամբ «Վեոլիա Ջուր» ընկերության պարտականությունն է։
«Մի քանի օր առաջ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է «Վեոլիա Ջուր» ընկերության շահագործման տնօրենի հետ, հորդորվել է՝ խստորեն պահպանել կանոնները, հեղեղատար համակարգն ամբողջությամբ մաքրել, «Վեոլիա»-ն էլ աշխատանքներ կատարում է»,- ասաց նա։
Հ. Կոստանյանը նշեց, որ փոխքաղաքապետը որոշ հատվածներում շրջայց է իրականացրել։
««Վեոլիա Ջուր» ընկերությունը, ըստ պայմանագրի, երկու անգամ են մաքրում հեղեղատար համակարգը՝ գարնանը, աշնանը, բայց քանի որ հեղեղատար համակարգերի վիճակը վատ է, հորդորել ենք մաքրումները պարբերաբար անել։ Երբ մաքրումներն անում են, քաղաքապետարանի աղբահանության հիմնարկը դրան զուգահեռ աղբը հեռացնում է»,- ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը։
Հարցին՝ առաջիկայում հորդառատ անձրևների դեպքում Երևանում չի՞ կրկնվի նախկին վիճակը, Հայկ Կոստանյանը պատասխանեց. «Չեմ կարող վստահորեն ասել՝ կկրկնվի, թե ոչ։ Ամեն դեպքում «Վեոլիա Ջուր» ընկերության գործընկերներին ևս մեկ անգամ ասել ենք, որ իրենց աշխատանքը մաքսիմալ լավ անեն»։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Սուրենյան. Ակտիվ ցիկլոնին կհաջորդեն ներզանգվածային երևույթներ
- Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան, Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ
- Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա անձրևաջուր
- Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
- Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
- Երեկվա անձրևից հետո Երևանի փողոցները վերածվել են գետերի, մեքենաները շարժվել չեն կարողացել
- Վեոլիա Ջուր. Ջրատարի վթարը շատ ավելի բարդ է, քան կարելի էր պատկերացնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան