Քաղաքապետարանը կսահմանազատի փողոցի հսկա փոսը, մինչև «Վեոլիա»-ն ավարտի աշխատանքը
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց-Վրացական փողոցների խաչմերուկի մոտ հսկա փոս է գոյացել «Վեոլիա Ջուր» ընկերության դիտահորի հետ կապված խնդրի պատճառով։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Panorama.am-ին փոխանցեց, որ նստվածք է առաջացել այդ մասում, որի հետևանքով էլ այդ վիճակն է։
««Վեոլիա Ջուր» ընկերության դիտահորն է, նստավածք է առաջացել։ Արդեն խոսել ենք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ։ Մինչև իրենց արձագանքելը, մենք այդտեղ կմաքրենք, սահմանազատում կիրականացնենք, մինչև իրենք իրենց գործն ավարտեն»,- ասաց Հ.Կոստանյանը։
Հիշեցնենք, որ քաղաքացի Աննա Դեմիրճյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ Մամիկոնյանց-Վրացական փողոցների խաչմերուկում առաջացած փոսը ծածկված է ստվարաթղթե տուփերով և այդպես է արդեն մեկ շաբաթ։
«Վերջերս վերանորոգված դիտահորը քանդվել է ու հսկա փոս է գոյացել։ Մարդիկ ստիպված կողքի աղբամաններից տուփեր են լցրել, որ մեքենաները չընկնեն փոսը»,-մանրամասնել է Աննա Դեմիրճյանը։