ԱՆԻֆ-ում կոռուպցիոն չարաշահումների գործով որևէ մեղադրյալ չկա
ԱՆԻՖ-ում հայտնաբերված կոռուպցիոն չարաշահումների համար որևէ անձի նկատմամբ առ այս պահը հետապնդում չի իրականացվում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ուսումնասիրություններ էր արել ԱՆԻՖ-ում ու պարզել, որ ընկերությունը պետությունից ստացած ֆինանսական միջոցները արդյունավետ չի օգտագործել։ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը մանրամասնել էր, որ դրանք վերաբերում են ներկայացուցչություններում կամ կենտրոնական ապարատում որոշակի ծառայությունների ձեռքբերմանը, ներդրումների գործընթացներին, այդ թվում՝ նաև ղեկավար անձնակազմի աշխատավարձերի, պարգևավճարների, գործուղումային ծախսերի բաշխմանը, դրանց արձանագրմանը, ինչպես նաև այդ գործընթացների փաստաթղթավորմանը։
Ըստ ուսումնասիրությունների՝ արտասահմանյան խոշոր ներդրողներ վերջին տարիներին գրեթե չեն ներգրավվել, իսկ, ըստ վերահսկողական ծառայության, պետական միջոցներն էլ արդյունավետ չեն ծախսվել։ ՀՀ գլխավոր դատախազությունից ավելի վաղ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Թե կոնկրետ որ ժամանակահատվածում են հայտնաբերվել խախտումները՝ պատկան մարմինները դեռևս չեն մանրամասնում, միևնույն ժամանակ, կառավարությունը որոշում կայացրեց՝ կառույցը լուծարելու մասին՝ առանց հոդաբաշխ պարզաբանման։ Փաստացի՝ իշխանություններն ինքնին հաստատեցին՝ կառույցի աշխատանքի անարդյունավետությունը, որը պարզապես հարմար հարթակ էր՝ կոռուպցիոն տարբեր դրսևորումների համար։
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Դատախազությունից հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք։
«Նշված քրեական վարույթով ներկա պահին որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ, նախաքննությունը շարունակվում է»,- ասել են դատախազությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին